կարելի է ասել՝ ճգնավորի կյանք էր վարում, և այդ ոչ թե նրա համար, որ ժլատ էր, ընդհակառակն, շատ ընկերներ դիմում էին նրա օգնությանը, և նա ոչ ոքի չէր մերժում, այլ այն պատճառով, որ պարզապես չգիտեր, թե ինչ բանի վրա կարելի էր փող ծախսել։ Ուզում էր պաշտոն ունենալ, զբաղված լինել որևէ գործով— միևնույն է թե ի՛նչ, որովհետև, ասում էր, «պարապությունը մելամաղձոտ է դարձնում»։
Հիշում եմ նրա ծնողներին։ Հայրը խստաբարո և կրոնասեր մարդ էր, թեև տերտերներին ատելով ատում էր, համարելով նրանց իրենց կոչմանն անարժան մարդիկ, բայց միշտ ժամ էր գնում, կանգնած տեղից ձայնակցում ժամասացներին և բոլոր հինգ նավակատիքներին պաս պահում ու հաղորդվում։ Վերջը հարեց բողոքականության, բայց մահից առաջ զղջաց, խոստովանեց իր բոլոր մեղքերը և հաղորդություն առավ իր նախկին ծխատեր քահանայից, որին մի քանի անգամ դուրս էր արել իր տնից։
Գարեգինի մայրը շատ գեղեցիկ և կենսաթրթիռ մի կին էր, ամուսնուց առնվազն մի քսան տարով փոքր։ Բայց շուտով թառամեց, խելագարվեց և մեռավ հոգեկան հիվանդների ապաստարանում։ Եվ ասում էին, թե պատճառն ամուսինն էր։ Բանն այն է, որ նա կնոջը սիրում էր մի տեսակ հիվանդոտ, կատաղի սիրով և, որովհետև ծեր էր, կասկածում էր նրա հավատարմության վրա, ուստի տնից դուրս չէր թողնում, շատ անգամ ծեծում էր։ Վերջը նրա կասկածամտությունն այն աստիճանի հասավ, որ կտրել տվեց իր տան դեպի փողոց նայող պատշգամբը և շարել տվեց բոլոր պատուհանները, որպեսզի կինը հնարավորություն չունենա դեպի դուրս նայելու և աչք-ունքով խոսելու դիմացի տան վերին հարկում ապրող մի գեղեցիկ երիտասարդի հետ, դեպի որը ամենից ավելի կասկածամիտ էր խելքից ցնդած ծերունին։
Ընտանեկան այսպիսի պայմաններումն էր ծնվել Գարեգինը, որը իր հոր ու մոր առաջին և վերջին զավակն էր։
Այսպես, ուրեմն, շաբաթ երեկոյան, ժամը 8֊ին, երբ արդեն մութ էր, Գարեգինը եկավ ինձ մոտ, որ տանի ծանոթացնի ինձ իր հարսնացուի հետ։