— դու քո փոշոտ խճուղով, որ օձի պես գալարվելով գոտևորում է այդ անվերջ վերելքներն ու վայրէջքները։
— Դու բանաստեղծ ես եղել,— նկատեցի ես ծիծաղելով և նայեցի Սառային։
Սառան նստած էր լուռ և կենտրոնացած հայացքով նայում էր Կովկասյան լեռների կողմը, բայց նկատեցի, որ կատակով արած իմ նկատողության վրա հազիվ նշմարելի մի ժպիտ անցավ նրա դեմքի վրայով։
— Բանաստեղծ,— բացականչեց Գարեգինը։— Մի՞թե դու կարծում ես, թե նա՛ է միայն բանաստեղծ, ով վարժվել է հանգերով ոտանավորներ գրել։ Ամեն ոք, ով սիրում է, անպայման բանաստեղծ է։ Ես առհասարակ բոբիկ եմ գրականության պատմությունից, շատ քիչ եմ ծանոթ մեծ պոետների կենսագրություններին, բայց համոզված եմ, որ ամենալավ պոետներն, անշուշտ, նրանք են, որոնք սիրել են, որովհետև սերը... գիտե՞ս ինչ բան է սերը։ Սերը... Ասենք դու չե՛ս հասկանա, որովհետև... չնայելով, որ դու սիրո նկարագրություններ ունես քո գրվածքների մեջ, բայց սիրո իսկական նկարագիրը տալու համար պետք է...
— Բանաստեղծ դառնամ քեզ պես,— վրա բերի ես ծիծաղելով և նորից նայեցի Սառային։
— Այո, պետք է սիրես ինձ պես. ի՛նձ պես,— շեշտեց Գարեգինը և, խոնարհվելով դեպի նորատի կինը, քնքշորեն առավ նրա ձեռքն ու սկսեց կաթոգին համբուրել։
Սառան նայեց ինձ և ժպտաց այնպիսի հայացքով, որով կարծես ասում էր՝ «տեսնո՞ւմ եք որքան մեծ երեխա է»։ Այդ լուռ դիմումի, այդ բարի ժպիտի մեջ ես հալված տեսա նրա դեպի ինձ ցույց տված սառնությունը, որ սկզբում բավական կաշկանդում էր ինձ։
Շուտով Սառայի տրամադրությունն այն աստիճան բացվեց, որ նա սկսեց ոչ միայն մասնակցել մեր խոսակցությանը, այլև վերաբերվել դեպի ամուսինը ճիշտ այնպես, ինչպես ես էի վերաբերվում — կես-լրջորեն, կես-կատակով և զիջողաբար, որ անշուշտ սիրո նշան էր, այն անմեղ սիրո, որպիսին մեծերն են տածում դեպի փոքրիկները։ Ասենք այդպիսի վերաբերմունքի բուն պատճառը պետք էր որոնել իրեն իսկ Գարեգինի մեջ, որի անսահման բարի սիրտը,