Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և, կոշիկն առնելով հատակից, սկսեց հագնել դեմքի ցավագին ծամածռություններով ու տնքտնքոցով, հետո վեր կացավ և կուզեկուզ եկավ կանգնեց առջևս։

— Ինչ եմ ասում, Մարգարյան։ Գիտեմ, շատ էլ սրտովդ չի լինի, բայց ուզես-չուզես՝ քո հյուրն եմ։ Շատ չէ, մի քանի օր միայն, մինչև որ տանից պատասխան գա։ Փողս այնպես հատել է, որ ոտներիցս կախես, մի սև գրոշ չի ընկնի գրպանիցս։ Ոնց ուզում ես՝ հաշվիր — Պետերբուրգից մինչև Թիֆլիս երեք տեղ պարտք եմ արել, մի տեղ էլ ոսկե ժամացույցս եմ գրավ դրել։ Գնում եմ տուն։ Հայրս մեռնում է, գրել էր, որ հոգուն վրա հասնեմ, ու փող չէր ուղարկել։ Թե որ Սարումյանը չպատահեր,— հիշո՞ւմ ես, ինչքան էի լացացնում նրան դպրոցում,— թե որ նա չպատահեր, ստիպված պիտի լինեի փողոցում գիշերելու։ Ասաց, թե տնփեսա է, հարմարություն չունի իր մոտ տանելու, մի խոսքով, գլխից ռադ արավ ու բերեց քեզ մոտ։ Տեսնում ես, ես մեղավոր չեմ, թե նեղանալու ես, նրանից նեղացիր։

— Ինչո՞ւ պիտի նեղանամ։

— Դե ի՛նչ գիտեմ։ Մի քիչ աներես մարդ եմ, գիտես, է՛լի։ Նոր հո չես ճանաչելու։ Սարումյանից փող ուզեցի, չտվեց. ասաց՝ չունի։ Սուտ էր ասում սրիկան։ Բայց ստիպված էր կառքիս փողը տալ։

Այս ասելով՝ մոտեցավ լվացարանին և սկսեց լվացվել։ Երեսը սրբելիս եկավ նորից կանգնեց առջևս։

— Հիմա գիտե՞ս ինչ կա, Մարգարյան. ես շան պես քաղցած եմ, քունս էլ հանել եմ։ Մի քիչ որ բան տաս ուտեմ, հորդ հոգին արքայությունը կգնա։

Ասացի, որ սովորաբար չեմ ընթրում, ուստի ուտելու բան չունեմ տանը, այդ ժամին խանութներն էլ փակ են, որ ուտելու բան բերել տամ, և առաջարկեցի, որ եթե ուզում է, գնանք մոտակա ճաշարանը։

— Ես կլուբ կուզեի, բայց վնաս չունի. կլուբը հեռու է, ժամանակն էլ ուշ է, երևի դու կուզես շուտ քնել։ Գնանք ճաշարան։

Երեսսրբիչը շպրտեց աթոռի վրա, արագորեն կոճկեց ժիլետը, բաճկոնը հագավ, ծոցի գրպանից հանեց սանրը,