Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/676

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ ոք չկարողացավ իմանալ, թե ինչ է իսկապես գտնված իրը։ Խեղճերը հույսները կտրեցին, ձեռքերը խաչեցին, քթերը վայր թողին և պատրաստվեցին վերջին մնաս բարևն ասելու իրենց ծանր գլուխներին։

— Հը՛, ի՞նչ է, չգտա՞ք,— երկու ժամից հետո հարցրեց թագավորը։

— Ոչ, թագավորն ապրած կենա,— կամաց պատասխանեցին բոլոր գիտնականները։

— Ուրեմն տարեք սրանց և բոլորի գլուխներն էլ կտրեցեք,— բարկացած հրամայեց թագավորը դահիճներին։— Սրանց գիտությունը մի կոպեկ չարժե...

Դահիճներն իսկույն դուրս տարան նրանց և բոլորին էլ մի առ մի գլխատեցին։ Բայց թագավորն անպատճառ ուզում էր իմանալ, թե ինչ էր իսկապես գտնված իրը, որը բացի նրանից, որ ողջ գանձարանի ոսկով չէր կշռում, բայց և այնքան զոհեր էլ տարավ։ Հետաքրքրությունից ու անհամբերությունից քիչ էր մնում, որ ճաքի։ Նա հարցրեց, թե մնացե՞լ է արդյոք յուր պետության մեջ մի ուրիշ գիտնական մարդ։ Պատասխաննցին — ոչ։

— Գնացե՛ք, դարձյալ փնտրեցե՛ք և անպատճառ գտեք։ Չկա․— ստեղծեցե՛ք։ Ես կամենում եմ, ես հրամայում եմ։ Գնացե՛ք։

Գնացին, շատ ման եկան, շատ կոշիկ մաշեցին, շատ փնտրեցին, շատ ծակ ու ծուկ մտան և վերջապես գտան մի զառամյալ, սպիտակահեր, փորձված, թեև ոչ կարդացած, գիտնական, բայց խելոք մարդ։ Ուրախացան և նրան թագավորի մոտ բերին։ Թագավորը տվավ նրան գտնված իրը, ասաց, որ յուր տերության մեջ գտնված բոլոր գիտնականներից ոչ ոք չկարողացավ իմանալ դրա ինչ լինելը և որ յուր գանձարանի բոլոր ոսկին չկարողացավ դրան կշռել։ Վերջը հրամայեց, որ անպատճառ իմանա, թե ինչ է այդ իսկապես, ապա թե ոչ նրա սպիտակ գլուխն էլ մյուսների նման թռցնել կտա։ Ծերունին մի անգամ միայն նայեց գտնված իրին և ասաց.

— Թագավորն ապրած կենա, դու ասում ես, թե քո գանձարանի բոլոր ոսկին չկարողացավ սրան կշռել։