Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Ի՞նչ ասեմ,— մեքենայաբար, անզգա ձայնով արտասանեց Հարունյանը։

Իշխանուհու աչքերը սաստիկ չռվեցին։

— Հարո՜ւնյան,— կանչեց նա վախեցած,— ես հեռանում եմ ձեզանից, մի՞թե դուք ինձ բարի ճանապարհ չեք մաղթիլ...

Մի ակնթարթում Հարունյանի անզգա դեմքը խորին վշտի, խորին տանջանքի արտահայտություն ընդունեց։

— Սո՛ֆիա,— արտասանեց նա ցավագին ձայնով։ Եթե այս րոպեիս այստեղ իմ առաջ մի սոսկալի անդունդ բացվեր, ես առանց մտածելու իսկույն կընկնեի նրա մեջ, որպեսզի միանգամից վերջ դրվեր իմ այսքան անտանելի տանջանքներին...

Իշխանուհու հայացքն այս անգամ ընդունեց մեղմ, քնքուշ, անհուն սիրո և կարեկցության արտահայտություն։ Նա առավ Հարունյանի ձեռքերն և ջերմագին սեղմելով նրանց, հազիվ լսելի ձայնով շշնջաց․

— Ես հասկանում եմ քեզ, Ստեփաննոս, դու դժվարանում ես ինձ բարի ճանապարհ մաղթելու, բայց ո՞րքան պետք է դժվարանամ ես ասելու քեզ՝ մնացի՛ր բարև․․․

Նրա ձայնը դարձյալ դողաց, կտրվեց, բայց այս անգամ նա չկարողացավ իրեն զսպել․ դառն արտասուքը հանկարծ դուրս ցայտեց աչքերից։ Նա իսկույն հանեց թաշկինակը և ամուր սեղմեց աչքերին։ Սակայն, շուտով հանգստացավ, շտապով սրբեց աչքերն և վեր կացավ տեղից։

— Գնանք, Հարունյան,— ասաց նա նայելով շուրջը։

— Այս մեր վերջին առանձնակի տեսակցությունն է, բայց ես հույս ունիմ, որ Նունեի հետ դուք այսօր դարձյալ կայցելեք ինձ․․․ Ես գուցե երկու օրից, մի օրից հետո հեռանամ այստեղից․․․

ԺԸ
ԾԱՆՐ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐ

Վերջին առանձնակի տեսակցությունը կատարելապես ապացուցեց Հարունյանին, թե ո՛րքան մեծ և անդիմադրելի է այն ուժը, որ կապում է իրեն իշխանուհու հետ։ Բարոյական