Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես ձեզ արդեն տնային մարդու տեղ եմ ընդունում, պ․ Զազունյան,— ասաց նա՝ սկսելով արագ գործել և շարունակ նայելով գործվածքին,— և այդ պատճառով չեմ ուզում հետևել հյուրասիրության խստապահանջ կանոններին և կարծում եմ, որ դուք դրա համար ինձ կներեք։

— Այդ ինձ համար շատ քաղցր է լսել, տիկին, թեև չգիտեմ, ճշմարիտ, թե ինչով եմ արժանացել այդ քադցր պատվին։

Էմման գլուխն ավելի խոնարհեց ձեռագործի վրա, և նրա մատներն սկսեցին ավելի արագ շարժվել։

— Որովհետև դուք իմ ամուսնուս բարեկամն եք,— արագախոսությամբ ասաց նա,— այդ պատճառով ուզում եմ որ և ի՛մ բարեկամը լինեք։

Զազունյանը, որ ուղղակի նայում էր նրա դեմքին, տեսավ, թե ինչպես շառագույնը պատեց նրան։ Այդ րոպեին էմման այնքան նազելի, այնքան հրապուրիչ, այնքան գեղեցիկ էր, որ Զազունյանը ակամա հիացավ։ Նա ոչինչ չգտավ ասելու, շփոթվեց, չգիտեր ինչ պատասխաներ։

Հանկարծ էմման բարձրացրեց գլուխը և, շնորհալի ժպիտով նայելով նրան, մեկնեց դեպի նա ձեռագործը։

— Ի՞նչպես է, հավանո՞ւմ եք,— հարցրեց։

Զազունյանն առավ և նայեց։ Ձեռագործը շատ նուրբ էր։

— Ես առանց չափազանցելու կասեմ, տիկին,— ասաց նա,— շատ սիրուն և շատ սիրելի բան է։

Էմման կարմրեց, ինչպես միշտ սովորություն ուներ կարմրելու, երբ նրան որևէ բանի համար գովում էին, այդպիսի դեպքերում նրա գեղեցիկ դեմքը միշտ կուսական ամոթխածություն էր արտահայտում։

— Բայց կարծում եմ, որ Զաքարը ինձնից ավելի լավ կգնահատի,— ավելացրեց Զազունյանը, վերադարձնելով նրան ձեռագործը,— որովհետև նրա ճաշակը թե՛ ավելի ինքնուրույն է և թե՛ ավելի զարգացած։

— Էլ նրա մասին մի հարցնեք,— ասաց էմման ծիծաղելով.— ինչքան էլ անճոռնի, հիմար բան դուրս գա ձեռքիցս, նա անպատճառ պետք է գովի, երկինք բարձրացնի։ Եվ միայն իմ վերաբերմամբ չէ, ամեն մեկի և ամեն բանի վերաբերմամբ նա միշտ լավ աչքով է նայում։ Աշխարհիս երեսին