հայերեն «Ոհ, ինչ անուշ» երգեց,— հիացմունքով պատասխանեց Զաքարը և շարունակեց ծափահարել։
Վարագույրը բարձրացավ, երգչուհին դուրս եկավ, ժպտալով գլուխ տվեց և, չնայելով ամեն կողմից լսվող «բիս»֊երին, նորից հեռացավ։ Վարագույրը նորից իջավ։
— Ի՞նչ, չհավանեցի՞ր,— հարցրեց Զաքարը կնոջը, երբ դահլիճը խաղաղեց։
— Ի՞նչ կար հավանելու, ես չեմ հասկանում,— պատասխանեց կինը։
— Ի՞նչպես թե, ինչ կար հավանելու,— բացականչեց Զաքարը։— Հրաշալի բան էր, ի՞նչ ես ասում, հրաշալի բան «Вох инч ануш»։
Եվ նա իր սովորական չափազանցություններով սկսեց բացատրել, թե ինչու և ինչով էր հրաշալի ռուս երգչուհու հայերեն երգած «Вох инч ануш» երգը։
— Դուրս չե՞ս գալիս,— հարցրեց նա կնոջը։
— Ոչ, նոր չեկա՞նք,— պատասխանեց կինը։
— Լավ։
Զաքարը վեր կացավ և մենակ դուրս գնաց դահլիճից։
էմման մնաց նստած։ Անուշադիր և տխուր հայացքով նայեց իր շուրջը, մեծ մասամբ դատարկ աթոռներին, որովհետև հանդիսականների մեծ մասը դուրս էր գնացել դահլիճից, նայեց և ծանոթ օթյակին, որպեսզի լավ տեսնի, թե այն ինչ մարդ է, որից Զազունյանն այնպես խորշում է, բայց օթյակը դատարկ էր․ զինվորականը երկու կանանց հետ դուրս էր գնացել։ Էմման սկսեց մտածել, թե ինչ կապ կարող էր լինել զինվորականի և Զազունյանի միջև, արդյոք ի՛նչ տարաձայնություն, անախորժություն էր պատահել նրանց միջև, որի պատճառով Զազունյանն այնպես խորշում էր նրանից և մինչև անգամ չէր ուզում պատասխանել նրա բարևին։ Գուցե մեղավորը Զազունյանն էր, որ այդպես խորշում էր այդ զինվորականից, ապա թե ոչ ինչո՞ւ պետք է խորշեր նրանից, եթե մեղավորը նա լիներ։ Ինչո՞ւ չէ. կարող է մեղավորը և այդ զինվորականը լինել. գուցե այդ մարդը Զազունյանին այնպիսի ծանր վիրավորանք է հասցրել, որ նա ոչ մի կերպ չի ուզում նրան ներել։ էմման մտաբերեց Զազունյանի շփոթված ու մռայլ դեմքը