նստած էր օթյակում զինվորականը։ Նա զննողաբար նայեց նրանց։ Նրանք երկուսն էլ ռուս էին երևում, միջին տարիքով, բայց իրենց տարիքից արհեստական միջոցներով երիտասարդացած։ Նրանք հեռվից թեև գեղեցիկ էին երևում, բայց մոտիկից փորձառու կնոջ աչքն իսկույն տեսնում էր, թե արհեստականն երբեմն ինչպիսի հմտությամբ կարողանում է մրցել բնականի հետ։
«Ո՞վքեր են արդյոք», մտածում էր էմման, աչքերը չհեռացնելով նրանցից։ Նրա բարեկամնե՞րն են, թե մեկը կինն է, մյուսը— քույրը կամ թե...»։
Էմման զզվանքով դեմքը շրջեց նրանցից, դարձավ և մտավ դահլիճ։
Նա հույսը բոլորովին կտրեց, թե այդ գիշեր թատրոնում կտեսնի Զազունյանին։ Նա այլևս չէր կասկածում, որ Զազունյանը կամ բոլորովին չպետք է գար թատրոն, կամ թե՝ եկել էր և, տեսնելով, որ զինվորականն այնտեղ է, հեռացել էր անմիջապես։
Նա այլևս չէր ուզում մնալ, ուզում էր դուրս գնալ և ասել ամուսնուն, թե գլուխը ցավում է, տուն գնան, բայց ավելի լավ համարեց լսել կոնցերտի երկրորդ բաժինն էլ և հետո տուն գնալ, մանավանդ որ արդեն զանգը տվին և հանդիսականներն սկսեցին ներս գալ։ Ներս մտավ և Զաքարը։
—Հը, մենակ չձանձրացա՞ր,— հարցրեց նա, նստելով կնոջ կողքին։
— Այն ո՞ւմ հետ էիր խոսում,— պատասխանի տեղ հարցրեց էմման.
— Ի՞նչ, դու տեսա՞ր։
— Այո, դուրս եկա։ Ինչ-որ զինվորականի հետ մի կողմը քաշված տաք-տաք խոսում էիր։ Ո՞վ էր։
— Նա իմ և Զազունյանի ուսանողական ընկերն էր, որ ուսումը մեզ հետ ավարտելով, մտավ զինվորական ծառայության մեջ։ Մինչև հիմա Թեոդոսիայումն էր լինում, իսկ վերջին ժամանակներս փոխ-գնդապետության աստիճան