— Այսօ՞ր. չէ, այսօր չեմ կարող,— պատասխանեց Զազունյանը։
— Ուրեմն ինչ ուզում է լինի, էլի մի քանի օր կմնաս այստեղ։
— Չգիտեմ... գուցե...
— Հա, հա, մնա, թե աստվածդ կսիրես, մնա,— ասաց Զաքարը գլխարկը ծածկելով։— Իսկ այսօր, հենց հիմա, հագնվելուց հետո, գնա մեր տուն։ Ժամը մեկին կամ երկուսին էլ ես կվերադառնամ։ Առայժմ ցտեսություն։ Անպատճառ գնա:
Եվ նա շտապով դուրս գնաց։
Զազունյանը տխուր հայացքով նայեց նրա ետևից։
— Թշվառական, ի՞նչ ես ինձ այդպես ստիպում,— ասաց նա։— Եթե գիտենաս, թե ով եմ ես..․ Բայց չէ՛, չէ՛, քո անկեղծ հավատը կփրկե քեզ...
Լվացվելուց հետո նա հագուստը փոխեց, որովհետև անկողնում բավական ճմռվել էր։ Հագնվելուց հետո նա դեռ չէր վճռել` գնա՞ էմմայի մոտ, թե ոչ։ Բայց որովհետև գիշերվա հանելուկը նրան քանի գնում, ավելի էր մտատանջում, այդ պատճառով նա այլևս երկար չսպասեց և վճռեց գնալ։ Հանելուկն ուզում էր շուտով լուծել։
Նա ծածկեց ցիլինդրը և դուրս գնաց։
35
Նա նոր էր մտել հյուրասենյակը, երբ հանկարծ երեխայի նման ներս վազեց Էմման և ուղղակի փարվեց նրա վզովը, կանչելով`
— Արսեն... դու չե՞ս փախել, դու չե՞ս փախել։
Եվ նախքան Զազունյանը ուշքի կգար, նա ամուր համբուրեց նրա ականջի մոտ և բաց թողեց նրան։
— Է՛մմա, է՛մմա,— շշնջաց Զազունյանը սարսափած։— Դու մոռանում ես, որ ես ձեր հյուրն եմ, որ ես իմ բարեկամիս տանն եմ գտնվում...
— Իմ ի՞նչ գործն է,— մի տեսակ չարաճճի, միամիտ ժպիտով ասաց Էմման։— Կարծես թե այդ ինձ համար որևէ նշանակություն ունի... Ես քեզ եմ սիրում, դու ինձ ես սիրում,