— Սպասի՜ր,— աղաղակեց Նասիբյանը, իր ահագին աչքերը ոլորելով Հեղինեի վրա:— Այս դո՞ւց եք պատմել սրան, տիկին,— դարձավ նա Մանեին արագորեն։
Հեղինեն մի ոստյունով թռավ և կանգնեց նրա ու Մանեի մեջտեղ, ուղղակի Նասիբյանի քթի տակ։ Նա դողում էր կատաղությունից, և պենսնեն ցնցվում էր նրա քթի վրա։
— Այո՛, այս տիկինն է պատմել, իսկ այս տիկնոջը պատմել է մա՜յրդ,— աղաղակեց նա։— Ի՞նչ է, ուզում ես ուրանա՞լ։ Հա՞։ Այն խեղճ պառավը կարծել է և այս տիկնոջն էլ այնպես է հասկացրել, թե ես եմ քեզ դրդում, որ այդ անպիտանությունները գործես, ուստի սրա միջնորդությունն է խնդրել, որ քեզ չգժվեցնեմ, կարծես թե խելքս գնում է քո այդ զզվելի դեմքի համար։ Ահա՛ թե, պարո՛ն, որ աստիճան հանցավոր եմ հանդիսանում ես քո այդ գարշելի արարքների պատճառով։ Եվ ինչո՞ւ համար, որ հենց սկզբից չեմ վռնդել քեզ իմ մոտից շան պե՞ս։
Մի ակնթարթում Նասիբյանի դեմքը սփրթնեց սպիտակ քաթանի պես։ Վայրկենական կատաղության ուժգին թափով նա բռնեց Հեղինեի ուսերից, ըստ երևույթին պատրաստվելով դեն շպրտելու նրան կամ գլորելու իր ոտների տակ, բայց իսկույն զսպեց իրեն և միայն սարսափելի համառ ուժով կամաց հեռացրեց նրան իր աոջևից, ամբողջ կատաղությունն արտահայտելով միմիայն ահարկու աչքերի և ձեռքերի խիստ լարված մկանների մեջ։ Չնայելով իր պստիկ և նիհար կազմվածքին, նրա ոսկրացած ձեռքերն այնպիսի ույժ էին հավաքել իրենց մեջ, որ Հեղինեն իր մսեղ ուսերի վրա սաստիկ ցավեր զգաց և ճչալով դուրս պրծավ նրա ձեռքերից, ճակնդեղի պես կարմրատակած։
— Ինչպե՜ս դու համարձակվում ես․․․ ինչպե՜ս դու համարձակվում ես,— աղաղակեց Հեղինեն լացագին, քթից պոկելով պենսնեն, և նրա աչքերից անզոր վիրավորանքի և ծայրահեղ կատաղության արցունքի կաթիլներ դուրս ցայտեցին։
Նասիբյանը լուռ էր։ Նա շնչում էր ծանր և իր ահարկու աչքերով խժռում Հեղինեին։
Մանեն պինդ կպել էր լուսամատի տախտակին և զարմանքից ու վախից ցամաքել տեղնուտեղը։