Նրանք անցան ճեմելիքով և մտան պարտեզի խորքը։ Այստեղ մարդ չկար և կիսախավար էր տիրում։
— Ձեր եղբայրը շատ անտակտ մարդ է,— ասաց Բադամյանը։— Պիտի իմանա, թե ում հետ է կատակ անում։ Ես ծանոթ եմ նրա բնավորությանը և չեմ նեղանում։ Բայց Նասիբյանը հիվանդ և տաքարյուն մարդ է։ Որ ասեմ, թե Վահանն այդ շգիտե, գիտե. բայց կարծես թե զոռով աշխատում է մարդկանց գրգռել իր դեմ։ Օրիորդին էլ խո տեսաք ինչպես վիրավորեց, և ես զարմացա, որ նա համբերեց, թե չէ, խո գիտեք, նա էլ Նասիբյանից ոչ պակաս ընդունակ է սկանդալ սարքելու։ Ես հավանում եմ ձեր եղբոր հումորը, բայց... համը տանում է։ Իսկ նրա կրիտիկան... Այդ բանն ինձ շատ հետաքրքրեց։ Այն ի՞նչ ակնարկներ էին, որ անում էր․․․ Մի՞թե նրան հայտնի է...
— Ի՞նչը,— հանկարծ կանգ առնելով հարցրեց Մանեն գրգռված։
Բադամյանը նայեց կիսախավարի մեջ նրա վառվող աչքերին և խորը հոգոց քաշեց։
— Այդպես, միշտ այդպես,— արտասնեց նա հուսահատորեն։— Միշտ լարված, միշտ գրգռված, միշտ անհաշտ․․․ Եվ դուք կարծում եք, չհասկացա՞, թե ինչու զատկին, որ այցելության էի եկել ձեր տուն, սուտ հիվանդ ձևացաք և դուրս չեկաք ինձ մոտ։
— Որ հասկացել եք, ուրեմն ավելորդ է այդ մասին խոսելը,— նկատեց Մանեն խստորեն։
Բադամյանը աղերսալի անհամարձակությամբ առավ նրա ձեռքը։
— Ո՛չ, ավելորդ չէ, Մանե, ավելորդ չէ,— շշնջաց նա հուսահատական սիրով։— Դուք ամեն կերպ աշխատում եք խուսափել ինձնից, բայց ես տեսնում եմ, թե որքան թանկ է նստում այդ ձեզ։ Այնտեղ լույսի մեջ ես լավ դիտեցի ձեր դեմքը, իսկ այժմ ահա շոշափում եմ ձեր ձեռքը։ Այս ի՞նչ է, դուք ոսկոր եք դարձել։ Եվ ինչո՞ւ, Մանե, ինչո՞ւ...
Մանեն ձեռքը վճռաբար խլեց նրա ձեռքի միջից։
— Բաղամյան, զզուշացե՛ք։ Այս երեկո ես այնպես գրգռված եմ, որ չեմ խնայիլ ոչ ձեզ, ոչ ինձ. աստված է վկա, չեմ խնայիլ, եթե կշարունակեք խոսել այդ մասին...