կարող էր ուրիշ մարդ տեղավորվել։ Ստվերները մոտեցան: Մանեի և Բադամյանի առաջով գրեթե վազելով անցան երկու աղջիկ թևանցուկ և կրկչալով: Նրանց հետևում էին երեք գիմնազիստ, որոնցից մեկը— խիստ բարձրահասակ ու լղար մի տղա— մի քիչ ետ էր մնացել ընկերներից և քայլում էր զինվորի լայն ու չափված քայլերով։ Աղջիկներն ու գիմնազիստները կորան պարտեզի խորքում, մթության մեջ
Բադամյանը, ըստ երևույթին, գտած էր համարում այն միջոցը, որով, երկար մաքառելուց հետո, հույս ուներ այս անգամ ընկճելու իր սիրո մեջ համառող այդ զարմանալի և տարօրինակ կնոջը, ուստի շարունակեց նույն հանգիստ և սառն հանդիմանական եղանակով.
— Չեմ հասկանում, այդ ի՞նչ սեր է, որ անդադար դատում է, անդադար երերվում, անդադար դողում, անդադար ինչ-որ հանցանքներ ու տանջանքներ է երևակայում։ Ես միշտ այն համոզումն եմ ունեցել, թե բնության մեջ սերն է ամենամեծ զորությունը, որը ոչ մի խոչընդոտ չի ճանաչում և շեշտակի դիմում է ուղիղ իր նպատակին, հոգ չէ, թե ճանապարհին նույնիսկ ջարդուփշուր կլինի։ Բայց երբ նայում եմ ձեզ, երբ լսում եմ ձեզ...
Բադամյանը թոթվեց ուսերը տարակուսանքով, լռեց ու նայում էր դեպի պարտեզի հրապարակը, որտեղից ծառերի արանքով լույսի շերտեր էին թափանցում ճեմելիքը։ Լայնաբերան շեփորը տնքում էր դեռ և փոքրիկ թմբուկը դեռ շարունակում էր տեղալ իր մանրիկ կարկուտը։ Ճեմելիքում զգալի կերպով տոթ էր կանգնած և խոնավության հոտ էր փչում։
Բադամյանը հանկարծ վեր կացավ և կանգնեց Մանեի առաջ։
— Երկսից մեկը,— ասաց նա գրգռված, այլևս անկարող լինելով զսպել իրեն.— դուք կամ չեք սիրում ինձ, կամ կարծում եք, թե սիրում եք և... պարզապես խաղում եք ինձ հետ, երևի կարծելով, թե ես այն հիմարներից եմ, որոնց քթից բռնած կանայք կարող են անել ամեն բան, ինչ որ կամենան։
— Բադամյա՛ն...— ջջնջաց Մանեն։
— Ո՛չ, խնդրում եմ,— ընդհատեց նրան Բադամյանը խստորեն։— Ինձ խոսքեր հարկավոր չեն այլևս, ձեր վարմունքն