երևակայել, որ ես մինչև այժմ զարմացած եմ մնացել, թե որտեղի՞ց դուրս եկավ այդ ձայնը։ Ես հիմա հասկանում եմ, թե ինչպես մարդիկ, շատ օրինավոր մարդիկ, երբեմՆ մարդ են սպանում։ Ծայր աստիճան հուզման րոպեին նրանք, անշուշտ, դուրս են գալիս նորմալ դրությունից, կորցնում են հոգեկան հավասարակշռությունը և չեն հասկանում իրենց արածը։ Մի րոպե, երբեմն մի վայրկյան, և ոճիրն արդեն կատարված է։ Այո, մարդ արարածի մեջ, որքան էլ նա քաղաքակրթված և գիտակից լինի, Վիկտորիա Պավլովնա, դեռևս նստած է նախապատմական գազանը։ Ես այդ փորձեցի ինձ վրա։ Բայց մյուս կողմից, ասեմ ձեզ, թանկագին Վիկտորիա Պավլովնա,— ավելացրեց Խանբեգյանը մտերմորեն, նստելով նրա դիմաց,— ես մեղավոր չեմ. կնոջս մահից հետո այնպիսի դրություն է տիրում մեր տանը, որ ասել չեմ կարող։ Ուզեմ-չուզեմ— պիտի ջղայնանամ։ Առանց այն էլ մեր գործարանում տիրող դրությունը՝ բանվորների պահանջները, գործադուլի սպառնալիքը, մյուս կողմից մեր բանկում երևան հանված վատնումը բոլորովին քայքայել են ջղերս։
— Մի՞թե վատնում է եղել,— հարցրեց Վիկտորիա Պավլովնան հետաքրքրված։— Եվ ո՞րքանի։
— Առայժմ մոտ հինգ հազար ռուբլու։ Ռևիզիան դեռ շարունակվում է։
— Հայտնի՞ են վատնիչները։
— Կասկած կա մի քանիսի վրա։
— Կարելի՞ է իմանալ՝ ո՛ւմ։
— Ոչ, թանկագին Վիկտորիա Պավլովնա, ներեցեք։ Այսքանը միայն կարող եմ ասել, որ եթե իմանաք, որ եթե իմանաք, թե ո՛ւմ վրա է գլխավորապես կասկածը, ապշած կմնաք։ Ձեր հանգուցյալ ամուսինը... ա՛յ մարդ։ Նրա օրով մի կոպեկ, մի կոպեկն ի՞նչ է, մի հատ կոպեկ անգամ չի կորել, իսկ ինչ նա չկա...