Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6

Վանյուշը, գիմնազիստի սպիտակ երիզավոր գլխարկը դեպի ծոծրակը ետ գցած, նստած էր ճաշասեղանի մոտ, ոտները երկար ու մեկ մեկնել էր սեղանի տակ, շվշվացնում էր և մատներով թմբկահարում էր սեղանի ծայրը։ Իսկ աղջիկը, գիմնազիստուհու սրճագույն շրջազգեստով և սև գոգնոցով, բուֆետից ուտելիքներ էր հանում ընթրելու համար։

Հոր մտնելուն պես Վանյուշը դադարեց շվշվացնելուց, առանց շփոթվելու, դանդաղորեն վեր կացավ, գլխարկը վերցրեց գցեց աթոռներից մեկի վրա և սկսեց երկու ձեռքի ափերով շտկել մազերը։ Նա իր տարիքին անհամեմատ բարձր և շատ բարակ տղա էր, հորը շատ նման․ երևում էր, որ հասուն հասակում հոր կատարյալ պատճենը դուրս կգար։ Կատյան, ընդհակառակը, համեմատաբար ցածրահասակ էր, գիրուկ, արդեն նկատելի հասուն կրծքով և հոր հետ ոչ մի նմանություն չուներ։ Խանբեգյանն ասում էր, որ տղան իրեն է գցել, իսկ աղջիկը՝ մորը։

— Պապա, դուք դեռ տա՞նն եք,— դիմեց նրան աղջիկը:

— Այո, ես դեռ կլուբ չեմ գնացել, ձեզ էի սպասում, թե ե՞րբ, վերջապես, կբարեհաճեք շնորհ անել տուն դառնալու, որ նստենք և այս անգամ արդեն շատ լուրջ կերպով խոսենք։

— Ինչի՞ մասին։

— Այն մասին, որի համար ես շատ անգամ եմ ձեզ հանդիմանել, և դուք ոչ մի նշանակություն չեք տվել իմ խոսքերին, կարծես թե ես ձեր հայրը չեմ այստեղ, այլ մի օտար մարդ, որը ոչ մի իրավունք չունի խառնվելու ձեր գործերին։ Քանի՞ անգամ եմ ասել ձեզ, որ դուք ձեր իրավունքը չպիտի համարեք առանց իմ թույլտվության ե՛րբ ուզենաք և ո՛ւր ուզենաք՝ գնալ և վերադառնալ՝ երբ քեֆներդ տա։

— Պապա, զարմանալի մարդ եք, ճշմարիտ,— վառվեց աղջիկը և հուզմունքից նրա գեղեցիկ դեմքը կարմրեց․— այնպես