— Այդպես միայն քեզ թվում է, սիրելիս,— ասաց Հարունյանը, որ, իհարկե, մտքումը նրա հետ համաձայն էր, բայց չէր կարող երբեք հայտնել նրան։
— Ձեր մեջ այնպիսի ի՞նչ մի առանձին բան է պատահել, որի պատճառով նա քեզ ատելիս լինի։
— Ես էլ այդ չե՞մ հարցնում. ի՞նչ է պատահել և ի՞նչ կարող էր պատահել։ Ոչինչ, հավատացիր, բոլորովին ոչինչ, մի փոքր, մի չնչին տարաձայնություն անգամ տեղի չէ ունեցել մեր մեջ... Ես նրան միշտ սիրել եմ, միշտ իմ թանկագին քույրիկս եմ համարել, կարեկցել եմ նրան ամեն մի դեպքում, և հանկարծ— մի այդպիսի սառը հանդիպում, արհամարհանք։ Ախար ինչո՞ւ համար, ինչո՞ւ... ճշմարիտ՝ ես այնքա՜ն մտածել եմ այդ մասին, այնքա՛ն մտածել, որ․․․ չեմ հասկացել, մի խոսքով, թե ինչ է պատահում ինձ այդ ժամանակ... Իսկ նա ասում է, որ այդ միայն գլխացավից է։
— Իհարկե, այդ գլխացավից պետք է լինի, սիրելիս, մանավանդ, որ դու պարզ գիտես, որ ձեր մեջ ոչինչ տարաձայնություն չէ պատահել։ Կամ եթե հենց տարաձայնություն էլ պատահեր, մի՞թե նա քեզ անպատճառ պիտի ատեր։ Դեռ ամենահասարակ գլխացավից մարդ, կարծես, աենքին աչքից գցում է, ո՞ւր մնաց մի այնպիսի գլխացավ, որպիսին է իշխանուհունը։ Դու իշխանուհու գլխացավի սրա այդպես հասարակ աչքով մի նայիր, Նունե. այդ գլխացավը շատ վատ բնավորություն ունի...
— Ուրեմն ճի՞շտ է, որ միայն այդ գլխացավից է նրա սառնությունը դեպի ինձ։
— Այո։
— Օ՛հ, երանի՜ այդպես լինի, ապա թե ոչ ես նրան այնքա՜ն սիրում եմ, այնքա՜ն սիրում եմ, որ... բայց դու ասացիր, որ այդ գլխացավը շատ վատ բնավորություն ունի, ուրեմն... Ի՞նչ կպատահի վերջը,— գրեթե վախեցած յուր գլխում ծագած հանկարծակի մտքից՝ շտապով հարցրեց տիկին Հարունյանը։
— Կանցնի։
— Կանցնի՛... Բայց երկա՞ր կտևի։
— Չգիտեմ... այդ ես չեմ կարող ճիշտն ասել...