Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես սգավոր, հուշիկ քայլերով անցավ ճեմելիքի երկարությամբ, սանդուղքով բարձրացավ պատշգամբն և ներս մտավ յուր ննջարանը։ Ննջարանում ճրագը հանգած էր: Պայծառ լուսինը, ներս թափանցելով բաց լուսամուտից, ուղղակի լուսավորում էր նրա սպիտակ, որպես ձյուն, անկողինը, որի մեջ այդ րոպեին անկարգություն էր տիրում։ Երևում էր, որ նա նախ պառկել էր, բայց տեսնելով, որ իրեն անդադար զբաղեցնող մտածությունը քունը մոտ չէ թողնում յուր աչքերին, դուրս էր գնացել պարտեզ՝ այնտեղ անձնատուր լինելու այդ մտածությանը։

Ծանր քայլերով նա մոտեցավ շքեղ անկողնակալին, շալը մի կողմ գցեց, երեսն ի վեր պառկեց, վերմակը վրան քաշեց և փակեց աչքերը։ Մինչև այժմ նրա խիստ ցանկությունից գրգռված ջղերն սկսեցին հետզհետե թուլանալ, կուրծքը դադարեց արագ բաբախելուց և մի տեսակ թմրություն, որ ոչ քուն էր, ոչ արթնություն, պատեց նրա տանջված, լքված անդամներին։ Բայց նրա բորբոքված ճակատի տակ ուղեղը հանգիստ չուներ. նրա մեջ տիրում էր մի տեսակ խառնաշփոթություն, մի տեսակ քաոս, որ և նկարում, ստեղծում էր նրա փակ աչքերի առաջ հազար ու մի անորոշ պատկերներ, որոնք՝ հայտնվելուն պես՝ դարձյալ արագությամբ չքանում էին, որպեսզի տեղ տային ուրիշ այլազան պատկերների: Ինչի նմանություն ասես, որ նա չէր որոշում այդ՝ մի կողմից սոսկալի, մյուս կողմից կախարդող ֆանտաստիկական երևույթների մեջ։— Հրեշային պատկերներից հետո, նա տեսնում է յուր անհոգ մանկությունը և այն ժամանակվա իրեն բոլոր սիրելի, ծանոթ դեմքերը Երևույթը փոխվում է։— Նա տեսնում է յուր երիտասարդ ամուսնուն՝ գեղեցիկ, հեզ, բարի, որպես գառը. նրա աչքերը լցված են արտասուքով. նա ամենադառը կերպով մտատանջվում է... Այնուհետև նա պառկած է անկողնում... Դագաղում ... Նա նույնչափ գեղեցիկ է... Չքացավ երևույթը։ — Դարձյալ հրեշային արհավրալից պատկերները... Դարձյալ փոխվեցան՝ տարածվում է ահագին լուսավորված դահլիճը։ Երաժշտությունն ականջ է խլացնում։ Հարյուրավոր անորոշ պատկերներ՝ միմյանց գրկած՝ խռնվելով՝ թռչում են