Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերցնելով իրենց ճանապարհորդական իրերը, շտապում էին դեպի դուրս, դռան մոտ ամբոխվելով և իրար բոթբթելով։ Այդ միջոցին Շահյանի աչքովն ընկավ և իսկույն էլ կորավ բազմության մեջ մի ծանոթ դեմք։ «Բազենյանը չէ՞ր արդյոք»,— մտածեց նա։

Դեռ երկրորդ զանգը չէին տվել, որ Մարությանները, օր. Սահակյանը, Մինասյանն ու Շահյանն արդեն վագոնումն էին։ Այստեղ արդեն ամենքն էլ հրաժեշտի վերջին րոպեի ծանր ազդեցության տակ էին։ Թեկլեի սիրտը կակղել էր, նրա աչքերի մեջ մինչև անգամ արցունքներ էին նկատվում. նա խորհուրդ էր տալիս Աշխենին, որ լավ պահի իրեն, չմրսի, չհիվանդանա։ Մարությանը խնդրում էր, որ Աշխենը որքան կարելի է՝ հաճախ նամակ գրի իրենց։ Օր. Սահակյանը նույնն էր խնդրում ընկերուհուց։ Մինասյանը սովոր ձեռքով տեղավորում էր իր և Աշխենի իրեղենները։ Եվան լուռ էր և սառն հանգստությամբ դիտում էր Մինասյանի արագ շարժումները։ Իսկ Շահյանը, ինքն իր մեջ կենտրոնացած, քաշվել էր մի կողմ և ապուշի նման նայում էր մերթ մեկին, մերթ մյուսին, նայելով, թե ով էր խոսում, և զգում էր, որ հենց սկզբից մի ավելորդ մարդ է Մարությանների, Մինասյանի և օր. Սահակյանի ընկերության մեջ, իսկ այժմ վագոնի այդ նեղ պատերի մեջ արդեն խանգարում է նրանց ազատ շարժվելուն։ Սրտի անպատմելի դառնությամբ նա տեսնում էր, որ ոչ ոք ուշք չի դարձնում իր վրա, կարծես ինքն այնտեղ չլիներ, կարծես մի երեխա, մի ծառա լիներ կանգնած այնտեղ։

Լսվեց երկրորդ զանգի զրնգզրնգոցը։

Եվան, առաջվա նման, դարձյալ ցնցվեց, բայց անշարժ մնաց տեղը։ Մինչդեռ մյուսները շտապեցին իրենց հրաժեշտը տալ ուղևորներին։

Թեկլեն մի քանի անգամ համբուրեց Աշխենին և հազիվ զսպեց արտասուքը։ «Լավ պահիր քեզ, որդիս, լավ պահիր»,— վերջին անգամ կրկնեց նա։

Օր. Սահակյանը, արցունքն աչքերին, գրկվեց և համբուրվեց հեռացող ընկերուհու հետ և պինդ սեղմեց Մինասյանի ձեռքը։

Մարությանը ոչ մի կերպ չէր ուզում ընկճվել հրաժեշտի ծանր րոպեի ազդեցության տակ. կարծես իրեն և մյուսներին սիրտ տալու համար բռնի աշխուժով սեղմեց եղբոր աղջկա և