— Լավ:— Մարությանը վեր կացավ։— Հույս ունիմ այդ առաջին օրը շատ չի ուշանալ։ Ուզեք-չուզեք, մենք այսուհետև բարեկամներ պետք է լինենք։ Եվ, հավատացնում եմ ձեզ, չեք զղջալ մեր բարեկամությունից։ Պարոն Շահյանը կարող է վկայել այդ մասին։ Առայժմ ցտեսություն։ Ցանկանում եմ ձեզ շուտափույթ առողջություն,— այսինքն՝ ձեզ չէ, ձեր ձեռքին, որովհետև դուք հիվանդ չեք և — փառք աստծո։ Կգաք պարոն Շահյանի հետ։ Պարոն Շահյան, խնդրում եմ մի մերժեք խնդիրքս. բերեք ձեր ընկերոջը և, առհասարակ, ինքներդ էլ եկեք, գնացեք, առանց քաշվելու։ Ձմեռ է, գիշերները երկար են, կնստենք, կասենք, կխոսենք։ Ցտեսություն։ Անհամբեր կսպասեմ երկուսիդ էլ։ Ցտեսություն։
Երբ Մարությանը դուրս գնաց, Բազենյանը նայեց Շահյանին, ժպտաց և կամաց ետ պառկեց բարձի վրա։
— Տեսնում ես, մարդը գրեթե ծերունի, և ինչքան կենդանություն կա մեջը։ Այժմ համակրեցի, և արժե մոտիկ ծանոթանալ։
Շահյանը լուռ էր. ինչ-որ օտարոտի սառնություն էր տիրել նրան։
— Այսօր բժիշկս գալու է. եթե իրավունք տվավ և կարողացա, վաղը կգնանք։ Հը՞, ի՞նչ ես կարծում։
— Ինչպես ուզում ես,— պատասխանեց Շահյանը։
— Հա, վաղը կգնանք։ Զգում եմ, որ վաղը շատ լավ կլինեմ։ Ձեռքիս ցավը կարծես թե արդեն անցել է։ Համենայն դեպս, վաղն անցիր իմ կողմը։ Չէ, ավելի լավ է, ես կգամ քեզ մոտ և միասին կգնանք։ Ի դեպ մորդ էլ կտեսնեմ. կարոտել եմ։ Դու չգիտես գնահատել մորդ, բայց ես խիստ սիրեցի նրան։ Այնքա՜ն բարի պառավ է...
Շահյանը շարունակ լուռ էր և ինքն էլ էր զարմանում, թե ինչ է պատահում իրեն։ Նա երկար չմնաց ընկերոջ մոտ։ Ճանապարհին ավելի ու ավելի զգում էր, որ իր հոգու խաղաղ տրամադրությունը սաստիկ խանգարվել է։ Դեպի Բազենյանը տածած նրա զգացումը ենթարկվել էր հանկարծական մի հեղաշրջման, ընկերական նախկին անկեղծ սիրո