Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չունի այդ տան մեջ կամ եթե ունի, այդ էլ նրա՛ համար միայն, որ Բազենյանի ընկերն է։ Նրա ինքնասիրությունը սաստիկ վիրավորվեց մանավանդ այն բանից, որ Եվան, Բազենյանով ոգևորված, չնկատեց իրեն սկզբում։ Եվ չար, անզոր նախանձը, որ երկու օրից ի վեր ծագել էր նրա մեջ դեպի ընկերը, այժմ արդեն զգալի արագությամբ պաշարում էր նրա ամբողջ էությունը։ Չէ՞ որ վնասված ձեռքը փաթաթանի մեջ դրած, արտիստական ճաշակով հագնված այդ վայելչահասակ, գեղեցիկ երիտասարդն արդեն կուռք էր դարձած Մարությանների համար, որոնց երեխային փրկել էր մահից անօրինակ անձնազոհությամբ։ Մինչդեռ Եվան այնքա՜ն շնորհալի, այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն հրապուրիչ էր և այնպիսի՜ եռանդուն ուշադրություն էր ընծայում Բազենյանին...

Շահյանի դրությունը հետզհետե ծանրանում էր։ Նա բոլորովին չէր խոսում, և ըստ երևույթին ուշադրություն դարձնող չկար նրան։ Երբ Մարությաններն երբեմնակի մի-մի խոսք էին ուղղում նրան, այդ էլ, Շահյանը կարծում էր, քաղաքավարության համար միայն։

Ամենքի ուշադրությունը կենտրոնացած էր Բազենյանի վրա։ Հարցեր էին, որ այս ու այն կողմից տալիս էին նրան, և նա ամենքին էլ գոհացում էր տալիս պարզ, ազատ և ինքնավստահորեն։

Խոսակցությունն ինքնաբերաբար անցավ Կ. Պոլսի անցքերին և՝ առհասարակ Թրքական-Հայաստանում սկսված գործին։ Այստեղ Բազենյանը, ինչպես ասում են, մտավ իր դերի մեջ, և «սուրբ գործն» սկսեց հոլովվել նրա բերանում ամեն կերպ:

Շահյանին թվում էր, թե նա բառ առ բառ կրկնում է նույնը, ինչ որ իր մոտ էր ասել. կարծես բերան էր արել այդ բոլորը, ինչպես մի լավ դերասան իր բազմիցս խաղացած դերը։

Մարությանները լսում էին նրան առանձին հետաքրքրությամբ։ Այդ բանը ոգևորում էր Բազենյանին ավելի խորը գնալու։ Արդեն այն հանգամանքը, որ մինչև անգամ շատախոս Մարությանը լռել էր, պարզ ապացույց էր Շահյանի համար, որ Բազենյանը կատարելապես տիրել էր ունկնդիրներին։