Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշանակություն ունին քեզ համար, ապա կարող եմ քեզ հավատացնել, որ ընկերներիցս ոչ ոքի, այո՛, ո՛չ ոքի, այնպես չեմ սիրել, ինչպես քեզ...

Սակայն այս մասին կարճ եմ կտրում, որովհետև ո՞վ գիտե ինչ բացատրություններ տաս խոսքերիս...

Գանք ուղղակի գործին։

Ինչպես տեսնում ես, սիրելիս, ես աշխատում եմ կարելույն չափ հանգիստ հոգով գրել։

Քո նամակովդ, Լևոն, իսկապես մեծ ծառայություն մատուցեցիր ինձ,— այնպիսի մի անգնահատելի ծառայություն, որի համար երբեք չպիտի դադարեմ քո անունն երախտագիտությամբ հիշելու, քանի շունչս բերանումս կլինի։ Ասեմ ինչու։

Դու չես սխալվում. ես անտարբեր չեմ դեպի Մարությանի աղջիկը։ Կարծեմ իմ այցելության առաջին գիշերն իսկ ասացի քեզ, որ այդ աղջիկը խիստ դուր է եկել ինձ։— Տեսնո՞ւմ ես, առանց քո ասելու էլ ես անկեղծ եմ եղել դեպի քեզ։— Ճշմարիտը խոստովանելով, պիտի ասեմ քեզ, որ Եվայի ինձ վրա թողած տպավորությունը եթե արդեն սեր չէ, գոնե շատ շուտով կարող է սիրո փոխվել։ Ես այդ ավելի քան նախազգում եմ։ Գիտեմ, թե ինչ է այն զգացումը, որ «սեր» է կոչվում։ Այդ մասին ես քեզ մի պատմություն արդեն արել եմ իմ կյանքից։ Այժմ կարող եմ ավելացնել հետևյալը։

Եթե այն Ժամանակ այն էլզասցի աղջկան սիրել եմ, որքան ընդունակ է մարդ արարածը սիրելու, այնուամենայնիվ զգացել եմ, որ այդ աղջիկն օտար է ինձ համար, այնքան օտար, որքան օտար կարող են լինել թեև միևնույն գաղափարով համակված, բայց տարբեր ազգությունների պատկանող և յուրաքանչյուրն իր հայրենիքի թշվառության մասին մտածող երկու սիրող սիրտ։ Բայց այժմ զգում եմ, որ եթե հազարավոր այդպիսի օտարուհիներ պատահեն ինձ, ես դրանց բոլորին էլ չեմ փոխիլ մի,— այո՛, մի,— հայ Եվայի հետ: Մի հարազատն ավելի սիրելի է, քան հազարավոր օտարներ միասին առած։ Դա բնական օրենք է։

Ներիր, սիրելիս, ինձ թվում է, թե տրամադիր եմ գործից հեռանալու։ Կարճ կտրեմ, ավելի լավ է։