Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտահայտող այդ անալի աչքերն այնքան բարի, այնքան միամիտ էին և այնպիսի վստահություն ներշնչող, որ պանի Զդանևիչը նստած տեղում ակամա մի շարժում գործեց, որով կարծես ուզում էր մոտենալ նրան և առնել նրա ձեռքը։

— Լսեցեք, պարոն Շահյան,— շշնջաց նա նույն արագախոսությամբ, և նրա ձայնը դողում էր կոկորդի մեջ։— Թեև իսկապես ոչ դուք եք ճանաչում ինձ, ոչ ես ձեզ, բայց և այնպես ինձ թվում է, թե սիրտս չի խաբել ինձ, որ եկել եմ ձեզ մոտ, իբրև եղբորս մոտ, որի առաջ կարող եմ թափել սրտիս բոլոր դառնությունը... Այո՛, դուք չգիտեք, թե ով եմ ես, և եթե իմանաք, պիտի ապշեք, թե ինչպես ես այժմ խոսում եմ ձեզ մոտ այնպիսի հուսահատությամբ, այսպես լաց եմ լինում ձեր առաջ...

Եվ պանի Զդանևիչն այս անգամ հեկեկաց, թաշկինակը պինդ սեղմելով աչքերին։

Շահյանը փշաքաղվեց և չափազանց անհարմար դրության մեջ զգաց իրեն։ Մինչև այժմ պանի Զդանևիչի վրա նայում էր այն աստիճան պատկառանքով, այդ կնոջ արտաքինն այն աստիճան ճնշում էր նրան իր սքանչելի վեհությամբ, իր տիպական գեղեցկությամբ, որ այժմ այդ հպարտ կնոջ հեծկլտանքը կատարյալ մի դիսոնանս էր առաջացնում նրա զգացումների և տպավորությունների միջև։ Առաջվա վեհանձն, իշխող, ընկճող պանի Զդանևիչն ընկել էր իր բարձրությունից այն աստիճան, որ այժմ դարձել էր պարզապես ողորմելի, կարեկցություն շարժող հասարակ մի կին։ Շահյանը հիշեց, որ պանի Զդանևիչին այդպիսի դրության մեջ, թեև րոպեաբար և հեռվից, տեսել էր մեկ էլ «Լոնդոն» հյուրանոցի միջանցքում, երբ նա լացակումած դուրս եկավ Բազենյանի սենյակից։ Այդ հիշողությունը Շահյանի մտքի մեջ կայծակի արագությամբ վերարտադրեց պանի Զդանևիչի և Բազենյանի միջև եղած խորհրդավոր հարաբերությունների այն պարագաները, որոնց ինքն անձամբ ականատես էր եղել նախ «Միխայլովո» կայարանում, հետո «Լոնդոն» հյուրանոցում, հիվանդ Բազենյանին այցելած ժամանակ։ Եվ նա, որ մինչև այժմ լոկ ենթադրություններով էր գոհացում տալիս իր ակամա հետաքրքրությանն այդ հարաբերությունների իսկական