Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկաթուղու կառախումբը։ Շահյանը մեքենայաբար հետևեց նրան և պլատֆորմի վրա խռնվող բազմության մեջ քիչ մնաց, որ աչքից կորցներ նրան։ Պանի Զդանևիչը հազիվ ժամանակ ունեցավ նրա ձեռքը սեղմելու։

— Մնաք բարյավ, պարոն Շահյան,— ասաց նա։— Ես ոչ ձեզ կմոռանամ, ոչ իմ պարտքը։ Իսկ դուք չմոռանաք, որ ինձ համար հանելուկ մնացիք,— ավելացրեց նա ժպտալով, և կրկին անգամ պինդ սեղմեց նրա ձեռքը։— Մնաք բարյավ։

Նա հավաքեց իր երկայն վերարկուի փեշերը և բարձրացավ վագոնն այն ժամանակ, երբ գնացքն արդեն սկսել էր շարժվել տեղից։

Շահյանն այլևս չտեսավ նրան։

10

Ննջարանի առաստաղից կախված գնդաձև լապտերն իր միապաղաղ կարմիր ապակու միջից մեղմ, անշարժ լույս էր տարածել սենյակում։ Խուլ լռության մեջ թվում էր, թե այդ լույսը, սաստիկ տխրած, նիրհում է։ Լուսամուտների ասվեգործ վարագույրների ծակոտիներից երևում էր, թե ինչպես ձմեռային օրվա սառած ու անփայլ վերջալույսը, արագորեն խավարելով, հանգչում էր դաժան հանգստությամբ, և թանձր մառախուղը գորշ ամպի նման ծանրությամբ նստում էր երկրի վրա։

Մահճակալի վրա պառկած էր Թեկլեն այնքան անշարժ, որ թվում էր, թե մեռած է։ Լապտերի կարմիր լույսի մեջ նրա խոշոր դեմքն իր լի կզակով, կարծես, պատած էր կարմիր շղարշով, որի մեջ բնականից ավելի սևին էին տալիս նրա փակ աչքերի չափից դուրս լայն փռված թերթերունքները, ինչպես խավարած կիսալուսիններ։ Դեմքն այնպես սառն էր և անշարժ, որ գլուխր կարծես կերտած լիներ մի կարծր քարից և այդ քարն իր ամբողջ ծանրությամբ թաղվել էր փափուկ բարձի մեջ։

Ննջարանի խորքում նստած էր Մարությանը և վշտահար խոնարհվել էր ծնկների վրա։ Մոր մահճակալի մոտ նստած էր Եվան և անթարթ աչքերով նայում էր հիվանդի դեմքին։ Լապտերի կարմիր լույսի տակ նրա դեմքը սրվել պլպլում էր,