Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերակրվող սերը — հիմարությունների ծնող... Ի՞նչ է ցնորքը։— Երեխան փչում է սապնային պղպջակը, որ ուռչում է անդրադարձնող զանազանագույն հրաշալի ցոլումներով, երեխան խնդում է, հրճվում է և ավելի է սկսում փչել, բայց հանկարծ պղպջակը պատռվում է և հոդս է ցնդում.— ահա՛ ձեզ ցնորք։ Անցնում ես փողոցով, երևակայում ես քեզ հարուստ մեծատուն, իշխան. երևակայում ես պալատներ, կառքեր, ծառաներ, փափկակեցություն, բայց հանկարծ ոտքդ սայթաքում է և դու փռվում ես ցեխի մեջ,— ահա՛ ձեզ ցնորք։— Մի՞թե հիմա ես այդպես չեմ... Օ՜խ, աստված, ես ի՞նչ եմ արել... (Նստում է գլուխը կախ: Բեմի ետևից լսում է դաշնամուրի ձայն: Նա հանկարծ վեր է թռչում և շտապով հեռանում է պարտեզի աջ կողմը: Հյուրերը հավաքվում են ամեն կողմից և բարձրանում են վերև):


ՏԵՍԻԼ XII

Ստեփան, Պետրոս

ՍՏԵՓԱՆ (գալիս է Պետրոսի հետ կուռ կռի տված՝ խոսակցությունը շարունակելով)... և փառք աստծո, դուք խո ձեր աչքովը տեսաք. միայն սիրահարվածներն են այդպես առանձնանում և քչփչում միմյանց հետ. հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ։ Բայց եթե նրանք իսկապես սիրում են միմյանց, այդ խո մեզանից չե՞ն թաքցնիլ։

ՍՏԵՓԱՆ։ Եվ ինչո՞ւ պետք է թաքցնեն. մենք չե՞նք թողնիլ, ինչ է, որ նրանք ամուսնանան, հա՜, հա՜, հա՜... ձեզանից էլ լավ բարեկամներ, մենք ո՞րտեղից կարող ենք ճարել, հա՜, հա՜, հա՜...


ՏԵՍԻԼ XIII

Եղիսաբեթ, Նատալիա, Ստեփան, Պետրոս

ԵՂԻՍԱԲԵԹ. (գալիս է Նատալիայի հետ կուռ կռի տված): Կարելի է իմանալ ինչի՛ մասին եք ծիծաղում, պարոններ։

ՍՏԵՓԱՆ. Ինչո՞ւ չի կարելի. մենք ծիծաղում ենք մի նորության