Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և շուն էի տարել։ Որս անել շատ էի սիրում։ Առավոտները վաղ վեր էի կենում գնում էի անտառը, ամբողջ ժամերով թրև էի գալիս և մի կարգին բան չէի գտնում, որ սպանեի։ Հետո ինձ ասացին, որ մի հինգ-վեց վերստի վրա մի լիճ կա, ուր վայրի բադեր շատ են լինում։ Այնուհետև գնում էի այդ լիճը որս անելու։ Ճանապարհս անտառի միջովն էր։ Մի առավոտ, երբ անցնում էի անտառով, եղևնու մի հսկայական ծառի վրա մի կտցահար նկատեցի։ Հենց այնպես, որպեսզի մի բան սպանած լինեմ, հրացանս ուղղեցի և արձակեցի։ Չիմացա դիպա՞վ, թե ոչ, որովհետև հրացանիս պայթյունի վրա մի սարսափելի ճիչ լսվեց։ Մեկը դուրս թռավ ծառի տակից։ Մի աղջիկ էր, որին չէի նկատել։ Գլխարկս վերցրի և ներողություն խնդրեցի։ Նա կանգնած էր անշարժ, ինձնից մի տաս-քսան քայլ հեռու։ Դեմքը մեռելի գույն էր ստացել վախից, նայում էր ինձ անթարթ, սարսափահար աչքերով։ Նկարիչ որ լինեի, կնկարեի նրան այդ դրության մեջ — այնքան գեղեցիկ էր։ Նորից ներողություն խնդրեցի։ Ոչ մի խոսք չարտասանեց։ Մոտեցավ ծառին, խոտի մեջ ինչ-որ որոնեց, գտավ,— գիրք էր։— վերցրեց, մի ձեռքով շտկեց մազերը և հանգիստ քայլերով հեռացավ։ Հետևյալ առավոտյան, երբ անցնում էի նույն տեղով, նա նստած էր նույն ծառի տակ գիրքը ձեռքին։ Մոտովն անցնելու ժամանակ նայեց ինձ և գլուխը նորից կախեց գրքի վրա։ Անցա մի հիսուն քայլ, հետո ետ դարձա, և հրացանիս դեմհար տալով, կանգնեցի ուղղակի նրա դիմաց։ Վերին աստիճանի խստությամբ նայեց ինձ և հարցրեց. «Ի՞նչ եք ուզում»։ Ուզում եմ, որ ներեք,— ասացի։ «Դա ի՞նչ հանդգնություն է, պարոն», բղավեց վրաս։ Ճակատս դրի հրացանիս բերանին, իսկ ոտս շնիկի վրա։— Եթե չեք ներիլ,— ասացի,— այս րոպեիս գանգս ցրիվ կածեմ։ Սաստիկ վախեցած վեր թռավ տեղից։ «Գժվե՞լ եք, ինչ է», ասում է։ Իսկ ես սառնասրտությամբ հարցնում եմ.— ներո՞ւմ եք, թե ոչ։ «Ի սեր աստծո,— ասում է,— դեն կորցրեք այդ հրացանը. ներում եմ»։— Այժմ ձեզ հանգիստ կթողնեմ,— ասացի, գլուխ տվի ու հեռացա։ Երրորդ առավոտյան նույն ծառի տակն էր։— Ես ձեզ խորհուրդ չեմ տալ,— ասացի,— որ առավոտյան այս ժամին նստեք թաց խոտի վրա։ «Խոտի վրա խո չեմ նստած,— ասաց,— տեսե՛ք»։