Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էլեկտրականացնում է ինձ, բայց ես ահագին ջանք եմ դնում զսպելու ինձ և այնպիսի բան չեմ անում, որ խրտնի... հանկարծ կանգ առավ, ձեռքը հանեց թևիս միջից և մատն ուղղեց դեպի ծառերից մեկի կատարը։ «Տեսե՛ք, տեսե՛ք,— ասում է.— այն ի՞նչ թռչուն է»։ Հրացանս հանեցի ուսիցս և շվացրի շանս։ Ուղեկցուհիս թռավ մի քանի քայլ հեռու, կուչ եկավ մի ծառի տակ, գիրքը թևի տակ առավ, մատներով խցեց ականջները և աչքերը փակեց։ Արձակեցի։ Ծառի տերևները խշխշացին և թռչունը վայր ընկավ։ Շունս թռավ մի քանի ոստյունով և ատամների մեջ բռնած՝ բերեց մատույց ինձ իմ որսը։ Աղավնի էր սպիտակ՝ ինչպես բամբակ։ Ուղեկցուհիս մոտ վազեց և երեխայական բուռն հետաքրքրությամբ սկսեց դիտել սպանված թռչունը։ «Ա՜խ, աղավնի՞ է», ասաց, չեմ իմանում՝ խիստ ուրախացա՞ծ, թե խիստ տխրած։ Որսս տվի իրեն։ Երկու մատով բռնեց մի ոտից և նայեց, թե գնդակը որտեղին է դիպել։ «Տեսե՛ք, տեսե՛ք,— ասում է,— ուղղակի կրծքին է դիպել։ Ինչքա՜ն սպիտակ է,— ասում է,— և ինչպե՜ս կարմիր է ներկել արյունը սպիտակ փետուրները»։ Երկար ժամանակ մեծ հետաքրքրությամբ դիտում էր, հետո հառաչեց և տվեց ինձ։ Առա և շպրտեցի ծառերի խորքը։ «Ինչո՞ւ դեն ձգեցիք»,— նկատեց հանդիմանությամբ և խիստ խղճահարված։— Հապա ինչի՞ս էր պետք,— ասացի։ (Նոր ծխախոտ է վառում: Մարգարյանը հետաքրքրությամբ լսում է նրան): Այսպես սկսեց մեր ծանոթությունը, իսկ այսպիսի ծանոթությունների հետևանքը հայտնի է... Մի քանի շաբաթից հետո նա անձնատուր եղավ ինձ այդ բառի ամենակատարյալ իմաստով նույն անտառում և նույն տեղում, ուր սպանեցի աղավնին... Մինչև անձնատուր լինելը խրտնում էր ինձնից այծի պես, իսկ անձնատուր լինելուց հետո կապվեց ինձ հետ շան պես։ Ես նկատել եմ, որ կանայք առհասարակ այդպես են լինում։ Օր չէր պատահիլ, որ մի քանի անգամ երդում չառներ ինձնից, թե կամուսնանանք։ Երդվում էի, իհարկե, բայց նկատում էի, որ որքան շատ էի երդվում, այնքան քիչ էր հավատում։ Մեր տեսակցության տեղը միշտ անտառն էր։ Հենց որ տեսնում էր ինձ, սաստիկ ուրախանում և ընկնում էր վզովս։ Բայց այդ երկար չէր տևում. նրա դեմքը կամաց-կամաց ինչ-որ մտախոհ