քանի այդ սանձը իմ ձեռքին կլինի, իմ ցասման զոհը չեն կարող լինել նրանք, որոնք մեղ չունին դժբախտությանս մեջ։ Բարեբախտաբար, ես դեռ ամեն բան չեմ կորցրել. դեռ ևս պահպանում եմ մի բան, որը ոչ ոք չի կարող խլել ինձնից. իմ զավակը։ Եվ եթե կա մեկը, որ այսուհետև պիտի կապի և հաշտեցնի ինձ այս աշխարհի և մարդկանց հետ, այդ միայն նա պիտի լինի, և ես ուրիշ ոչ մի հույս ու սպասելիքներ չունիմ։
ՖԼՈՐԱ (ուրախացած, որ առիթ ունի խոսակցությունը փոխելու).— Ի դեպ. դու գիտե՞ս, որ Սուրիկն արդեն դպրոց է հաճախում։
ԱՐԱՄ.— Այո, ասացին։ Եվ ես սպասում եմ, թե երբ պիտի կանչես նրան, որ տեսնեմ։
ՖԼՈՐԱ.— Այս րոպեին նա տանը չէ։ Առավոտյան դպրոց գնաց։ Երեկվանից արձակել են ամառվա համար։ Այսօր վկայականները պիտի բաժանեին։ Երևի շուտով կգա։
ԱՐԱՄ.— Լա՞վ է սովորում։
ՖԼՈՐԱ.— Շատ։ Դեռ դպրոց չտված՝ արդեն գրում ու կարդում էր։
ԱՐԱՄ.— Մեծացել, փոխվել է, իհարկե։
ՖԼՈՐԱ.- Որ տեսնես, չես ճանաչի։ Ով տեսնում է, չի հավատում, թե ութ տարեկան է— այնքան է բարձրացել։ Իսկ քո գնացած ժամանակ ինչքա՜ն փոքրիկ էր և թմբլիկ։
ԱՐԱՄ.— Երևակայիր, մոռացել եմ նրա պատկերը, որքան աշխատում եմ մտաբերել— չեմ կարողանում։ Լուսանկարը, քոնն էլ հետը, շարունակ ծոցումս էի ման ածում, երկուսն էլ կորցրի։ Կարծում եմ, որ վիրավորվածս ժամանակ կամ ընկել են ծոցիցս կամ հանել են հուշատետրիս և մյուս թղթերիս հետ։ Ոչինչ այնքան չէի սիրում, որքան նրա ձեռքի այս մասը (ցույց է տալիս իր ձեռքի և դաստակի միացման տեղը), ուր մսերը ծալ-ծալ դրված էին իրար վրա։ Հիշո՞ւմ ես. երբեմն որ սերս հանկարծ բռնում էր, այնպես պինդ հուպ էի տալիս կրծքիս, որ սկսում էր լաց լինել, և դու էլ միշտ կռվում էիր հետս այդ բանի համար. «Ինչ ես արջ ու քոթոթ խաղում»— ասում էիր դու և երեխան ձեռքիցս խլում։ Մենք այդպես էլ անվանում էինք նրան — Քոթոթ. (Խոր հոգոց քաշելով): Ա՜խ,