Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Դոկտոր Պասկալը»։ Առհասարակ արժե, որ Զոլայի այդ վերջին գրվածքի առիթով մի ընդհանուր տեսություն անես «Ռուգոն Մակարների» մասին, գրականության մասին առ հասարակ շատ պիտի գրել, և որքա՜ն սիրով կարդում են։ Բայց ինչո՞ւ դու բավականանում ես միայն օտար գրողների մասին գրելով. գրիր և մերոնց մասին, բայց իսեր աստծո, մի՛ խնայիր ոչ ոքի, թրխկացրու աջ ու ձախ, որովհետև ամենքն էլ թրխկացնելու արժանի են։ Վերջին ժամանակներս մանավանդ այնպիսի մի աջաբսանդալ է դառել մեր գրականությունը, որ կատարյալ խայտառակություն է։

Է՛հ, կարծեմ, այժմ կարող եմ, քեզ ջերմաջերմ ողջույնս ուղարկելով, մնալ քո տեսությանը կարոտ։

Քո Նար-Դոս


16. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ

1893 թ․ օգոստոսի 10. Մանգլիս․

Սիրելի՛ Մինաս.

Նամակս գրում եմ Մանգլիսից, ուր հունիսի կեսից ամառանոց եմ եկել իբր առողջությունս վերականգնելու։ Իբր եմ ասում, որովհետև, չնայելով այստեղի առողջարար և զով օդին, այստեղ ավելի հիվանդ եմ զգում ինձ, քան Թիֆլիսում, անշուշտ այն պատճառով, որ մի կողմից առողջարար սնունդ դժվար եմ ճարում այս... չորացած գյուղում, մյուս կողմից — շարունակ պարապում եմ։ Ի՜նչ արած — անգործ նստելը սպանիչ բան է ինձ համար։ Միակ մխիթարությունս թուղթ մրոտելն է, որից չեմ կարող զրկել ինձ, ինչքան էլ, որ դա առողջությանս վտանգում լինի։ Գրում եմ «Մեծ գործի շուրջը» վերնագրով վեպս, որ 1892 թվականից եմ սկսել և մինչև օրս դեռ երկու մասն եմ գրել միայն. բաղկացած կլինի երեք մասից, և չեմ կարծում, թե այս տարի կարողանամ վերջացնել։ Ներկայումս զբաղված եմ առաջին մասի մեջ հիմնական փոփոխություններ մտցնելով։ Նյութը վերաբերում է Գում-Գափուի դեպքից[1] հետո ռուսահայոցս մեջ

  1. Խոսքը վերաբերում է հնչակյան կուսակցության կողմից 1890 թ. կազմակեպված ցույցին, որ պատճառ դարձավ հարյուրավոր հայերի ջարդին։