Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դու։ Իրավ է, գրականությունը կյանքի հայելին է, բայց միմիայն դրանով չի սահմանափակվում նրա դերը. նա կյանքի դպրոցն էլ է։ Հայելու մեջ ցույց ես տալիս ինձ, որ ճակատիս մուր է քսված, բայց միջոց էլ սովորեցրու, ախր, այդ մուրը սրբելու։ Բավական չէ, որ գրականությունը ցույց տա միայն այն, ինչ որ կա կյանքի մեջ. պետք է նա ցույց տա և ա՛յն, ինչ որ չկա և ինչ որ ցանկալի է, որ լինի։ Գեղարվեստից մանավանդ այդ ավելի պահանջելի է, քանի որ գեղարվեստն ավելի, քան մտքի և արվեստի ուրիշ արտահայտություններ, ընդունակ է ազդելու մտքերի և սրտերի վրա։ Ռուգոն Մակարի ամբողջ սերնդի պատմությունը կարդալիս ես հոգով և մարմնով հիվանդ եմ զգում ինձ, այնքան հիվանդ, որ սեփական անձս ու կյանքս մի անտանելի պատիժ է թվում ինձ։ Մինչդեռ երբեք ինձ այնպես առողջ չեմ զգում, երբե՛ք զգացումներս այնքան չեն քնքշանում և, միևնույն ժամանակ, երբեք այնպիսի սրբազան կրակ չեմ զգում ամբողջ էությանս մեջ, ինչպես այն ժամանակ, երբ կարդում եմ Մարկիզ Պոզայի կրակոտ խոսքերը, որ նա ասում է Փիլիպպոս թագավորին, երբ տեսնում եմ նրա անձնազոհությունը, որ նա անում է յուր Դոն Կարլոսի համար։ Փիլիպպոս թագավորը Մարկիզ Պոզայի դիակի վրա խոնարհված աղաղակում է՝ «ետ տուր ինձ այս մարդը», իսկ ես աղաղակում եմ Զոլաներին՝ «տվեք ինձ Մարկիզ Պոզաներ, այլապես ի՞նչ օգուտ ինձ ձեր Ժակերից և Նանաներից, քանի որ ես ինքս Ժակ եմ և Նանա»։

Որովհետև տեսնում եմ, որ նամակս սաստիկ պիտի երկարի, իսկ արդեն քունս տանում է, ուստի փակում եմ իմ սրտագին ողջույններս ուղարկելով քեզ և Դանագյոզին։ Շատ շուտով դարձյալ կգրեմ։ Անթիվ և խիստ հետաքրքիր նորություններ կան։

Քո Նար Դոս