Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


գերմարդկային ուժ է, այն էլ այժմ, ներկա պարագաներում, երբ գրեթե ամբողջ հայությունը ապրում, մտածում, զգում է միմիայն լրագրությամբ, երբ ընթերցողներն ավելի մանրակրկիտ են դարձել, ավելի պահանջող, մյուս կողմից — որ պակաս ուշադրության արժանի չէ — երբ թշնամիները ոչ մի առիթ չեն փախցնում, որ ամենախայտառակ և անամոթ զրպարտություններ չթափեն թերթի և մանավանդ նրա խմբագրի վրա։ Վարդագույն հույսեր եմ տածում ես քո «փոխարքայության» վրա, և, եթե տարապայման հանգամանքներ չառաջանան, լիովին համոզված եմ, որ ցմահ կմնաս այդ պաշտոնի մեջ, եթե ավելի չբարձրանաս։ Լրագրության ասպարեզը վերին աստիճանի ծանր և հուսահատեցնող ասպարեզ է, և ոչ մի հասարակական գործիչ ենթակա չէ այնպիսի ծայրահեղ հոգեկան և մտավոր հուզումների ինչպես լրագրական գործիչը։ Եռանդով ես մտել դու այդ ասպարեզը և հույս ունիմ, նույն եռանդով էլ պիտի շարունակես սկսածդ։

Երևի կարդացիր «Տարազում» Եր. Պալյան ստորագրությամբ հոդվածը քո դեմ։ Լավ зубряк է երևում այդ պարոնը։ Հավատացնում եմ քեզ — ազատամտության պես հեշտ բան չկա. մի քանի գրավիչ գրքերից մի շարք բառեր ու նախադասություններ անգիր արա ու թութակի պես կրկնիր — ազատամիտ դարձար։ Ծաղրել պետք է դրան, անխնա կերպով ծաղրել։ Դանագյոզը կասի քեզ, թե ով է այդ Պալյանը։

Եղբորդ թերթը կուղարկենք։

Եթե մի շաբաթ մնալու ես Թիֆլիսում, կարծեմ այդքան ժամանակամիջոցն էլ բավական է, որ քեզ համար տեղ ճարենք срочный омниус-ում. ուրեմն շտապելու հարկ չկա, մի վախենար, արտասահմանը չի փախչում, իսկ այստեղ մեծ գործ կա կատարելու։

Քո Նար-Դոս

Ողջույններս Դանագյոզին։