Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


48. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1901. հոկտեմբերի 20. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս.

Լռությունս ուրիշ ոչ մի բանի մի վերագրիր, բայց եթե միայն այն բանին, որ ինձ խիստ մեղավոր եմ զգում քո առաջ և չեմ իմանում ինչպես արդարացնեմ ինձ։ Ավելի լավ է պատմեմ եղելությունը։ Հանձնարարական նամակդ ստանալուն պես գնացի Բաբյանին տեսնելու. առավոտյան ժամը 10-ն էր. Բաբյանն այնտեղ չէր. ասացին, որ 2-ի մոտերքը կլինի։ Վերադարձա խմբագրատուն, որ 2-ին գնամ։ Այդ միջոցին խոսեցի Սպանդարյանի հետ. նա ասաց, որ ինքն անձամբ կտեսնի Բաբյանին և կմիջնորդի քեզ համար։ Ես էլ, տեսնելով, որ նրա միջնորդությունն ավելի կշիռ կունենա, քան իմը, այլևս չգնացի Բաբյանի մոտ և շատ վատ արի, որովհետև Սպանդարյանը չէր կարողացել տեսնել Բաբյանին և Կաֆյանին, որի հետ նույնպես խոստացել էր խոսել։ Այսպիսով գործը մնաց։ Հանցանքիս գիտակցության ճնշման տակ ես երես չունեի քեզ նամակ գրելու, մանավանդ, որ դու այնքան թախանձագին խնդրում էիր քեզ շուտով պատասխան գրելու։ Այս է եղելությունը։ Հիմա ինչ ուզում ես՝ արա, ինչքան ուզում ես հանդիմանիր և հայհոյիր ինձ,— ես արժանի եմ, և ինքս ինձ արդարացնելու տեղ չունիմ։ Միայն այսքանս կարող եմ ասել քեզ, որ եթե ես համոզված լինեի, թե Բաբյանին տեսնելովս բան կդառնար, գործն իհարկե Սպանդարյանի վրա չէի գցիլ։ Իսկ ես այդ բանին համոզված չէի, որովհետև իմ ու Բաբյանի միջև կատարելապես ոչ մի հարաբերություն չկա, և այն գլխարկի ծանոթությունն էլ, որ մի ժամանակ ունեի նրա հետ, այն էլ է վերացել այժմ, և մենք այժմ փողոցում իրար հանդիպում ենք իբրև կատարյալ անծանոթներ։ Ինչ վերաբերում է երկրորդ հոդվածդ չտպագրվելուն, այդ բանում արդեն իզուր ես դու, դեռ պատճառը չիմացած, տրտնգի տալի,— ներիր խոսքիս։ Այդ հոդվածը չտպագրվեց և չի տպագրվիլ նրա համար, որ դրա մեջ սոցիալական խնդիր ես շոշափում, իսկ սոցիալական խնդիրների մասին որևէ բան տպել արգելված է միանգամայն։