Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1906

67. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1906. փետրվարի 26. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս.

Երկու նամակդ էլ ստացա, ինչ որ առանց իմ գրելու էլ կիմանաս նամակներիդ հետ ուղարկած թղթակցությունն ու լուրը տպագրված տեսնելով թերթի մեջ։ Ճիշտն ասած, սրտանց ուզում եմ գալ քեզ մոտ և, երևի, կգամ, որովհետև չափազանց արդեն եղկելի ու անտանելի է դառել թերթի, հետևապես և մեր՝ աշխատակիցներիս, մասնավորապես իմ վիճակը — շնորհիվ միշտ միևնույն ու անփոփոխ Սպանդարյանի առասպելական անգործնականության, անփութության և էլ ինչի՝ կուզես։ Անթիվ օրինակներից, որոնք քեզ շատ լավ հայտնի են, մի նորագույն ու թարմագույն օրինակ. այս րոպեիս փոխարքայի պալատում տեղի են ունենում հայ և թաթար պատգամավորների խորհրդակցությունները, որոնց վրա կենտրոնացած է համայն հայության ուշը. բոլոր թերթերն իրենց հատուկ ներկայացուցիչներն ունին, որոնք և միաժամանակ մանրամասն հաշիվներ են տալիս ընթերցողներին, իսկ «Նոր-Դարը» ո՛չ թե միայն յուր ներկայացուցիչը չունի, այլ և մյուս թերթերից քաղած տեղեկությունները չի կարողանում գոնե հետևյալ օրը տալ, այլ տալիս է միայն երրորդ օրը, այն էլ կեսը միայն ա՛յն տեղեկությունների, որոնք մյուս թերթերի մեջ տպվել են երկու օր առաջ և արդեն հնություն են դարձել։ Բայց չկարծես, թե այս բոլորն ինձ որևէ մտահոգություն է պատճառում, ինչպես առաջ, երբ ես գլուխս ետ դրած ունեի թերթի համար,— ամենևի՛ն, մի մազաչափ անգամ. «Նոր-Դարն» արդեն մեռած եմ համարում, և եթե Սպանդարյանը դեռևս շարունակում է քարշ տալ նրա գոյությունը, այդ միայն նրա՛ համար, որ ապրուստի միջոց ունենա, ուրիշ բանի չի ծառայում թերթը և չի էլ կարող ծառայել ներկա ժամանակներում, երբ «Նոր-Դար» և Զերո հավասար են իրար։ Ման գաս ամբողջ քաղաքը, մեկի ձեռքին «Նոր-Դար» չես տեսնիլ, իսկ մյուս թերթերը տարածվում են հազարավոր օրինակներով։ Սպանդարյանն յուր Օլգա