Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսակետից էլ որ ուզում ես հասկացիր այդ վնասը։

Ամբողջ մայիս ամիսը զբաղված էի «Աննա Սարոյանիս» երկրորդ տպագրությամբ, որն այս քանի օրս կվերջանա։ Քանի՞ օրինակ ուղարկեմ քեզ այդտեղ ցրելու համար. գինը թանկ չէ — 25 կոպեկ։ Փողը հարկավոր է ինձ «Մանր երկերիս» տպագրության համար, որին մտադիր եմ ձեռնարկելու այս ամառ։ Ներկայումս զբաղված եմ այդ երկերիս ժողովածուն կազմելով, արդեն բոլորը ձեռքիս տակն է։ Տպագրությունը կնստի, երևի, 2—3 հարյուր ռուբլի։

Քեզ մոտ գալու մտադրությունս չեմ թողել[1], բայց անտեր մնա՝ փող չկա։ Սպանդարյանը որ տար հասանելիքս, ոչ թե Նախիջևան ու Մոսկվա, արտասահման էլ կգնայինք։ Անիծվի այդ մարդը, որն յուր թերթով անխորտակելի պատնեշ դառավ ապագայիս առաջ։

Չուբարն այստեղ էր։ Հանդիպեցինք իրար փողոցում պատահաբար։ Հետևյալ օրը գնացի մոտը — տանը չէր։ Մեղավորն ես էի, պայմանավորված ժամից ուշացել էի տպարանում։ Նույն օրն էլ, կարծեմ, մեկնել էր։

Քո Նար-Դոս


71. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1906. հուլիսի 27. Թիֆլիս.

Սիրելի Հովհաննես.

Նախնական գրաքննությունը վերացած է. այնպես որ գրվածքդ կարող ես ուղղակի տալ տպարան, առանց գրաքննիչին ներկայացնելու։ Գրաքննիչը գիրքը պետք է տեսնի տպագրությունից հետո միայն և ապա վաճառելու թույլտվություն տա։

Չես հիշում, թե ինչ ես գրել Ս<պանդար>ին. Ձեր այդտեղ հրատարակելիք թերթի մասի՞ն արդյոք։ Իմ կարծիքով, օրաթերթն այդտեղ աջողություն չի ունենալ։ Եթե փող ունեք՝ դեն ածեցեք։ Այդ փողը կարելի էր ավելի շահավետ և նպատակահարմար կերպով գործածել ուրիշ գործի վրա, գեղարվեստական երկերի տպագրության վրա։

  1. Հովհ. Մալխասյանը Նար-Դոսին հրավիրել է Նոր Նախիջևան` «Մեր ձայնը» թերթում աշխատելու, վերջինս խոստանում է և հետագայում մի կարճ ժամանակով մեկնում է Նախիջևան, բայց հետո վերադառնում։