Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չմոռանաս նոր պիեսիդ երկու օրինակ ուղարկել ցենզորին ներկայացնելու համար։ Շատ մտածեցի, թե ինչ խոսակցություն եմ ունեցել քեզ հետ Հրանտի և Աննայի մասին (այդ տիպերը շատ լավ հիշում եմ), բայց չկարողացա հիշել։ Մանրամասն չես գրել, եթե գրեիր, թերևս հիշեի։

Ինչ վերաբերում է լրագրին, այդ մասին առայժմ ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն բան կախված է հանգամանքներից։ Բայց չեմ կարծում, թե այսուհետև ես պիտանի լինիմ լրագրական գործին։ Զզվել եմ, շատ եմ զզվել...

Հայր Բեդելյանին որ տեսնես, ասա՛ խոսե՞լ է արդյոք Պալյանի հետ «Մեծ գործի սկզբում» վեպս հրատարակելու մասին։

Ի դեպ՝ տեսնվեցա Գյուտ քահանայի հետ և խոսեցի քո «Հորոտ-Մորոտի» վերջին գիրքը տպագրելու մասին, ասաց, որ քn խաթրու 22 ռուբլուց պակաս չի ընդունիլ թերթը։ Իսկ ուրիշների համար տպագրում է 24 ռուբլով։

Սրտագին բարևներ օրիորդին և Լուսեղենին։ Պառավը դեռևս փորը դուրս ցցած՝ քրթքրթացնո՞ւմ է սենյակների հատակներին յուր կոշիկներով։

Քո Նար-Դոս


1907

74. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1907. հունվարի 18. Թիֆլիս

Սիրելի Հովհաննես.

Հունվար 9 թվակիր նամակդ ստացա երեք օր առաջ և կարդացի անկողնում տաքության մեջ շաղված աչքերով. հիվանդ էի. գլխացավից աչքս քիչ էր մնում դուրս պրծներ։ Հիմա լավ եմ և նստել եմ պատասխան գրելու։

Ես քեզ կարծեմ գրել եմ մի անգամ, որ լրագրական գործից այնքան զզվել եմ, որ նույնիսկ լրագիրը չեմ կարդալ, եթե հնար լինի։ Բայց պարապ նստելը բանի նման չէ, մի բանով պետք է զբաղվել խո. իսկ ես, բացի լրագրական