Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

80. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1907. նոյեմբերի 19. Թիֆլիս․

Սիրելի Հովհաննես.

Եթե որևէ անակնկալ չպատահեց, դուրս եմ գալու վաղը, 20-ին, գիշերվա գնացքով. ճանապարհին մի կամ երկու օրով մտնելու եմ Գրոզնի՝ մեր մեծ հարսի քրոջն այցելության։ Գրոզնուց դուրս գալիս կհեռագրեմ։ Պիեսիս ներկայացումը մնաց հունվարի 7-ին։

Քո Նար-Դոս


81. ՎԱՐՎԱՌԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

1907. նոյեմբերի 25. Թիֆլիս.

Ձալո Վարո.

Ռոստով հասա երեկ առավոտյան ժամը 5½-ին. մի ժամից ավելի սպասել եմ վակզալում, մինչև որ լուսացավ և նոր սահնակ նստեցի Նախիջևան գալու համար, կիսաճանապարհին հանդիպեց Մալխասը, որ ֆայտոնով գնում էր վակզալ ինձ դիմավորելու համար. սահնակը թողեցի և իրեղեններովս տեղափոխվեցի նրա ֆայտոնը։ Գետինն ամբողջ սառած է, որ կողմը նայում ես՝ սառցի շիթեր են. դռներն այնպես սառում են, որ առավոտները ստիպված են լինում մուրճերով բանալ։ Փողոցներում ման գալ չի լինում։ Բարեբախտաբար դարիվեր-դարիդուսներ չկան, թե չէ առաջին իսկ օրը ստիպված կլինեի փախչել։ Գրոզնում սարսափելի ցուրտ կերա, իսկ այստեղ այս անտանելի սառած փողոցներն են։ Ինչևիցե, մի կերպ քարշ կտանք այս երկու ամիսը։ Այս րոպեին, երբ գրում եմ նամակս, Մալխասը ծառայի օգնությամբ տեղափոխում է իմ սենյակից իր շկաֆը, գրքերը և այլն։ Սենյակս շատ լավ է և լավ էլ տաքացնում են։ Առայժմ ոչինչ չկա, որ մանրամասն գրեմ։ Մտածում եմ ձեր մասին։ Գևորգը վերադարձա՞վ արդյոք։ Շատ բարևներ, առանձնապես Օլին. ասա նրան, որ իրեն կգրեմ առանձին։ Հույս ունիմ, Գրոզնուց գրած նամակս ստացել ես։ Սպասում