Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնտեղ ինձ ասացին) որ լուսժողկոմատը գործ չունի այստեղ, աշակերտներն ընդունվում են միմիայն հողժողկոմատների (Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի) գծով, քանի որ Զիմին ենթարկվում է Անդրկովկասյան հողժողկոմատին՝ ուրեմն ինձ հարկավոր է պաշտոնական գրություն ունենալ Հայաստանի հողժողկոմից:

Գործի այս հանգամանքները բացատրելուց հետո իմ մեծ խնդիրքը ահա թե ինչ է քեզնից.—

նամակիս հետ ուղարկելով քեզ Հասմիկի բոլոր դոկումենտները, երկու օրինակ նկարը և իմ դիմումը Հայաստանի Հողժողկոմին, այդ բոլորը ներկայացրու Հողժողկոմատ, անձամբ տես իրեն Հողժողկոմին, որին դժբախտաբար չեմ ճանաչում և այնպես արա, որ այս գործն անպատճառ գլուխ գա և շատ շուտով, որովհետև ընդունելություններն այս հունվարին են և տեղերը կարող են լցվել։ Գործը գլուխ բերելուց հետո բոլոր դոկումենտներն, իհարկե, հետ կուղարկես ինձ առանց ուշացնելու, որի համար շատ շնորհակալ կլինեմ ես էլ, Հասմիկն էլ։

Եթե, բան է, պատահի որ ասեն, թե Հասմիկի ավարտական վկայականի ինչու պատճենն է ուղարկված (պահանջվում է իսկականը), ասա որ ես այստեղ ինստիտուտին կներկայացնեմ իսկականը։

Մի խոսքով, այս գործը թողնում եմ քեզ. հիմա դու գիտես։

Շատ ցավում եմ, որ Երևանում չկարողացա տեսնել տիկնոջդ և աղջկադ, թարսի պես հենց այն օրը հիվանդացա. ասենք, նախորդ օրվանից, երբ քեզ տեսա Հողժողկոմատում, ինձ լավ չէի զգում։ Հյուրանոցը չէին տաքացնում, ցուրտ էր, մրսել էի։ Վախեցա հիվանդությունս բարդանա, դրա համար շուտով վերադարձա Թիֆլիս, թե չէ ուզում էին ինձ երկար պահել Երևանում, ինչ որ պատվո երեկո էին ուզում սարքել ինձ համար։

Շատ բարևներ մերոնց կողմից ձերոնց
Քո Նար-Դոս