Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԵՍԻԼ 10
Նույնք: Մտնում են Սաշան և Լիզան:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ահա, կանչել էիր և Վիկտոր Միխայլովիչն եկել է։

ԿԱՐԵՆԻՆ.— Ինձ մի փոքր ուշացրին։ (Բարևում է քույրերին):

ԼԻԶԱ.— Շնորհակալ եմ։ Մի մեծ բան պիտի խնդրեմ ձեզնից։

ԿԱՐԵՆԻՆ.— Կանեմ ամեն բան, ինչ որ կարող եմ։

ԼԻԶԱ.— Դուք հո ամեն բան գիտեք...

ԿԱՐԵՆԻՆ.— Այո՛, գիտեմ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ուրեմն ես կհեռանամ։ (Սաշային): Եկ գնանք, թողնենք սրանց մենակ։ (Դուրս է գնում Սաշայի հետ):

ՏԵՍԻԼ II
Լիզա և Կարենին:

ԼԻԶԱ.— Այո, նա ինձ նամակ է գրել, որ ամեն բան վերջացած է համարում։ Ես (զսպում է արտասուքը) այնպես էի վիրավորված, այնպես... մի խոսքով, ես համաձայնվեցի բաժանվել... և պատասխանեցի, որ ընդունում եմ իր մերժումը։

ԿԱՐԵՆԻՆ.— Իսկ այժմ զղջո՞ւմ եք։

ԼԻԶԱ.— Այո, ես զղջացի, որ վատ բան եմ անում, որ ես չեմ կարող։ Էլի այնպես լավ է, քան թե բաժանվեմ նրանից։ Մի խոսքով տվեք նրան այս նամակը։ Խնդրում եմ, Վիկտոր... տվեք նրան այս նամակը և ասացեք... և բերեք նրան։

ԿԱՐԵՆԻՆ.— Լավ։ (Զարմացած): Բայց ի՞նչպես։

ԼԻԶԱ.— Ասացեք, որ ես խնդրում եմ ամեն բան մոռանալ և վերադառնալ։ Ես կարող էի նամակն ուղղակի ուղարկել նրան։ Բայց ես ճանաչում եմ նրան, նրա հոգու առաջին շարժումը, ինչպես միշտ լավ կլինի, բայց հետո որևէ մեկի ազդեցության տակ միտքը կփոխի և այն չի անի, ինչ որ ուզում է...