Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ԿԱՐԵՆԻՆ.— Գիտեմ։ Եվ ուզում եմ ասել։

ՖԵԴՅԱ.— Սպասի՛ր, սպասի՛ր։ Դու, խնդրում եմ մի կարծիր, թե ես հարբած եմ, և խոսքերիս, այսինքն ինձ ուշադրություն չպետք է դարձնել։ Ես հարբած եմ, բայց այս գործում ամեն բան պարզ տեսնում եմ։ Դե, ի՞նչ է հանձնարարված քեզ ինձ ասելու։

ԿԱՐԵՆԻՆ.— Ինձ հանձնարարված է գտնեմ քեզ և ասեմ, որ նա... սպասում է քեզ։ Խնդրում է, որ ամեն բան մոռանաս և վերադառնաս։

ՖԵԴՅԱ (լսում է լուռ, նայելով նրա աչքերին).— Այնուամենայնիվ ես չեմ հասկանում, ի՞նչու դու...

ԿԱՐԵՆԻՆ.— Ելիզավետա Անդրեևնան մարդ էր ուղարկել իմ ետևից և խնդրեց ինձ...

ՖԵԴՅԱ.— Այդպես...

ԿԱՐԵՆԻՆ.— Բայց ես ոչ այնքան քո կնոջ կողմից, որքան իմ կողմից խնդրում եմ քեզ՝ գնանք տուն։

ՖԵԴՅԱ.— Դու լավ ես ինձնից։ Ի՜նչ հիմարություն։ Ինձնից լավ լինել դժվար չէ։ Ես անպիտան եմ, իսկ դու լավ, լավ մարդ ես։ Եվ հենց այս պատճառով էլ ես չեմ փոխի վճիռս։ Եվ ոչ այդ պատճառով։ Այլ պարզապես չեմ կարող և չեմ ուզում։ Դե, ի՞նչպես գամ։

ԿԱՐԵՆԻՆ.— Գնանք այժմ ինձ մոտ։ Կասեմ, որ կվերադառնաս, իսկ վաղը...

ՖԵԴՅԱ.— Իսկ վա՞ղն ինչ։ Ես միշտ ես կլինեմ, իսկ նա — նա։ (Մոտենում է սեղանին և խփում): Լավ է ատամդ միանգամից հանես։ Ես հո ասել եմ, որ եթե նորից խոսքիս տերը չլինեմ, թողնի ինձ։ Ես խոսքիս տերը չեղա ու վերջացավ։

ԿԱՐԵՆԻՆ.— Քեզ համար, բայց ոչ նրա համար։

ՖԵԴՅԱ.— Զարմանալի է, որ դու հոգում ես այն բանի համար, որ մեր ամուսնությունը չխախտվի։

ԿԱՐԵՆԻՆ (ուզում է ինչ որ բան ասել: Մոտենում է Մաշան):