Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Պատկեր 2-րդ
Համեստ բնակարան, անկողնակալ, գրասեղան, գահավորակ:
ՏԵՍԻԼ 1
Ֆեդյա:

Դռան ետևից կանացի ձայն: «Ի՞նչ ես փակվել, Ֆեոդոր Վասիլևիչ: Ֆեդյա, բաց արա...»:

ՏԵՍԻԼ 2

Ֆեդյա և Մաշա:

ՖԵԴՅԱ (վեր է կենում, բաց է անում դուռը).— Ա՛յ, շնորհակալ եմ, որ եկար։ Տխուր է։ Սարսափելի տխուր։

ՄԱՇԱ.— Ի՞նչու չեկար մեզ մոտ։ Էլի խմում ես։ Ի՜նչ մարդ ես։ Չէ՞ որ խոստացար։

ՖԵԴՅԱ.— Գիտես, որ փող չկա։

ՄԱՇԱ.— Դու ի՛նձ ասա, ի՞նչու սիրեցի քեզ։

ՖԵԴՅԱ.— Մա՛շա։

ՄԱՇԱ.— Հա, ի՞նչ է, Մա՜շա, Մա՜շա։ Որ սիրելիս լինեիր, վաղուց կբաժանվեիր կնոջիցդ։ Այնտեղ էլ էին խնդրում քեզ։ Ասում ես թե չես սիրում կնոջդ։ Իսկ նրանից պինդ ես բռնել։ Երևում է, որ չես ուզում...

ՖԵԴՅԱ.— Դու հո գիտես ինչու չեմ ուզում։

ՄԱՇԱ.— Բոլորը դատարկ բան է։ Սուտ չեն ասում, որ դու փուչ մարդ ես։

ՖԵԴՅԱ.— Դե ի՞նչ ասեմ։ Ասեմ, որ սիրտս ցավում է խոսքերիցդ, այդ ինքդ էլ գիտես։

ՄԱՇԱ.— Իսկ ուրիշ էլ ինչդ է ցավում...

ՖԵԴՅԱ.— Ինքդ էլ գիտես, որ աշխարհում մի ուրախություն ունեմ,— քո սերը։

ՄԱՇԱ.— Իմը կա ու կա։ Բայց քոնն է, որ չկա։

ՖԵԴՅԱ.— Դե, ինչ հավատացնեմ։ Ավելորդ էլ է, դու ինքդ էլ գիտես։

ՄԱՇԱ.— Ֆեդյա, ինչո՞ւ ես ինձ տանջում։

ՖԵԴՅԱ.— Ո՞վ ում...

ՄԱՇԱ (լալիս է).— Լավ մարդ չես դու։