Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ես ուզում եմ ասել ձեզ, որ այն հանդիմանությունները, որ դուք լսեցիք այդ աղջկա — մի գնչուհի-երգչուհու հասցեին,— անարդարացի են։ Այդ աղջիկը բարոյապես նույնքան մաքուր է, որքան մի աղավնի։ Եվ նրա հետ իմ ունեցած հարաբերությունները բարեկամական են։ Եթե, թերևս, այդ հարաբերությունների վրա բանաստեղծական երանգ կա, այնուամենայնիվ այդ բանը չի ոչնչացնում այդ աղջկա մաքրությունը — պատիվը։ Ահա ա՛յս էի ուզում ասել ձեզ։ Ուրեմն ի՞նչ եք կամենում ինձնից։ Ի՞նչ ծառայություն կարող եմ մատուցել ձեզ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես նախ...

ՖԵԴՅԱ.— Ներեցեք ինձ, իշխան։ Ես այնպիսի կացություն եմ ստեղծել ինձ համար հասարակության մեջ, որ ձեզ հետ ունեցած իմ քիչ և հին ծանոթությունը ինձ իրավունք չի տալիս, որ դուք ինձ այցելեք, եթե ինձ հետ գործ չունեք։ Ի՞նչ է այդ գործը։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Չեմ ժխտի,— դուք հասկացաք։ Ես գործ ունեմ։ Բայց և այնպես, խնդրում եմ ձեզ հավատացեք, որ ձեր դրության փոփոխությունը երբեք չի կարող ազդել դեպի ձեզ ունեցած իմ հարաբերության վրա։

ՖԵԴՅԱ.— Բոլորովին հավատացած եմ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Գործս այն է, որ իմ հին բարեկամ Աննա Դմիտրիևնա Կարենինայի որդին և ինքը Աննա Դմիտրիևնան խնդրել են ինձ ուղղակի և անմիջապես իմանալ ձեզնից, թե ինչ հարաբերությունների մեջ եք... Դուք թո՞ւյլ կտաք ինձ ասեմ։ Թե ինչ հարաբերությունների մեջ եք ձեր կնոջ՝ Ելիզավետա Անդրեևնա Պրոտասովայի հետ։

ՖԵԴՅԱ.— Իմ հարաբերությունները իմ կնոջ, կարող եմ ասել՝ իմ նախկին կնոջ հետ բոլորովին կտրված են։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես այդպես էլ հասկանում էի։ Եվ դրա համար միայն հանձն առա այս դժվարին առաքելությունը։

ՖԵԴՅԱ.— Կտրված են. շտապում եմ ասել, ոչ թե նրա, այլ իմ հանցավորության կամ, ավելի ճիշտը, իմ անվերջ հանցավորությոլնների պատճառով։ Իսկ նա, ինչպես որ ամենաանբիծ կինն էր, այնպես էլ մնացել է ամենաանբիծը։