Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Շատ ցավում եմ, որ պետք է պահեմ ձեզ... (Կարենինը զարմանքով ետ է նայում): Օ՜, ո՛չ այն մտքով չեմ ասում, թե պիտի ձերբակալեմ ձեզ։ Թեև այդ ավելի հարմար կլիներ ճշմարտությունը երևան հանելու համար, բայց ես այդ միջոցին չեմ դիմի։ Ես միայն կկամենայի ձեր ներկայությամբ հարցաքննել Պրոտասովին և նրան կանգնեցնել ձեզ հետ երես առ երես, որով ձեզ համար ավելի հարմար կլիներ բռնել նրա սուտը։ Խնդրեմ նստեցեք։ Կանչեցեք պ. Պրոտասովին։

ՏԵՍԻԼ 4

Նույնք, ներս է մտնում կեղտոտ, շենք ու շնորհքից ընկած Ֆեդյան:

ՖԵԴՅԱ (դիմելով Լիզային և Կարենինին).— Լիզա, Ելիզավետա Անդրեևնա, Վիկտոր։ Ես մեղավոր չեմ։ Ուզում էի ավելի լավ բան անել։ Իսկ եթե մեղավոր եմ... ներեցեք, ներեցեք... (Գլուխ է տալիս նրանց, խոնարհվելով մինչև ոտները):

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Խնդրում եմ ձեզ պատասխանեցեք հարցերիս։

ՖԵԴՅԱ.— Հարցրեք։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Ձեր անո՞ւնը։

ՖԵԴՅԱ.— Հո գիտեք։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Խնդրե՜մ պատասխանեցեք։

ՖԵԴՅԱ.— Լավ. Ֆեոդոր Պրոտասով։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Ձեր կոչո՞ւմը, տարի՞քը, դավանությո՞ւնը։

ՖԵԴՅԱ (լռում է).— Ի՞նչպես չեք խղճահարվում հարցնելու այդ հիմարությունները։ Հարցրեք, ինչ որ հարկավոր է, և ոչ թե հիմարություններ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ես խնդրում եմ ձեզ զգույշ եղեք խոսելիս և պատասխանեք հարցերիս։

ՖԵԴՅԱ.— Դե, որ չեք խղճահարվում, համեցեք։ Կոչումս — կանդիդատ, տարիքս — քառասուն, դավանությունս — ուղղափառ։ Դե՛, հետո՞։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Հայտնի՞ էր արդյոք պ. Կարենինին