Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ վարձել։ Ո՛չ, այս հարմարությունն է ստիպել և մենակ հարմարությունն է հրապուրել ինձ։ Չէ՞ որ ես, ջանիկս, փող եմ հավաքում, հետ եմ գցում, ես փող ունեմ։ Դուք մի՛ նայեք, որ ես այսպես սուսուփուս մարդ եմ, որ կարծես թե ճանճը թևով որ խփի, վեր կգցի։ Ոչ, ջանիկս, ես ինձ գիտեմ պահել և բոլորովին այնպիսի բնավորություն ունեմ, որպիսին վայել է հաստատակամ և անխռով հոգու տեր մարդուն։ Մնաք բարով, իմ հրեշտակիկս։ Նամակս համարյա թե երկու թերթ բռնեց, այնինչ վաղուց ժամանակ է ծառայության գնալու։ Համբուրում եմ ձեր մատիկները, ջանիկս և մնում եմ՝

Ձեր ամենախոնարհ ծառա և ամենահավատարիմ բարեկամ

Մակար Դեվուշկին:

Հ. Գ. Մի բան եմ խնդրում, պատասխանեցեք ինձ, իմ հրեշտակիկս, որքան կարելի է մանրամասն։ Ընդսմին ուղարկում եմ ձեզ, Վարինկա, մի ֆունտ կոնֆետ. անուշ արեք և, ի սեր աստծու, իմ մասին մի՛ հոգաք և պահանջկոտ չլինեք։ Այսպես ուրեմն մնաք բարով, ջանիկս։

Ապրիլ 8

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Գիտեք, որ վերջապես ես ստիպված կլինեմ բոլորովին կռվելու ձեզ հետ։ Երդվում եմ ձեզ, բարի Մակար Ալեքսեևիչ, որ ինձ համար մինչև անգամ ծանր է ընդունել ձեր նվերները։ Ես գիտեմ, թե նրանց համար ի՛նչպիսի ծախսեր եք անում, ի՛նչպիսի ամենաանհրաժեշտ բաներից եք զրկում ձեզ։ Քանի անգամ եմ ասել ձեզ, որ ինձ ոչինչ հարկավոր չէ, բոլորովին ոչինչ, որ ես չեմ կարող փոխարենը հատուցանել ձեզ այն բարերարությունների համար, որ դուք մինչև այժմ արել եք ինձ։ Եվ ինչի՞ս են պետք այդ ծաղկամանները։ Ասենք՝ հինածաղիկները էլի ոչինչ, բայց խորդենին ինչի՞ համար է։ Բավական է, որ անզգուշաբար մի խոսք ասեմ, ինչպես, օրինակ, այդ խորդենու մասին, մեկ էլ տեսնեմ՝ այն կգնեք, չէ՞ որ թանկ է։ Ի՜նչ հրաշալի ծաղիկներ ունի։