Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալ խաչիկներով։ Այդ ո՞րտեղ եք ճարել այսպիսի լավիկ խորդենի։ Պատուհանի մեջտեղն եմ դրել, ամենանկատելի տեղում, հատակի վրա նստարան կդնեմ, իսկ նստարանի վրա դարձյալ ծաղիկներ կդնեմ, միայն թողեք, որ ինքս հարստանամ։ Ֆեդորան ուրախությունից չի իմանում՝ ինչ անի. մեզ մոտ այժմ կարծես դրախտ է բացվել սենյակում,— մաքուր, լուսավոր։ Հա՛, իսկ կանֆետնե՞րն ինչի համար են։ Եվ հավատացեք, ձեր նամակից ես իսկույն գլխի ընկա, որ ձեզ մոտ ինչ-որ բան է պատահել — է՛լ դրախտ, է՛լ գարուն, է՛լ բուրմունքներ, է՛լ ծլվլան ծտեր։ Այս ի՞նչ է, ասում եմ, չլինի՞ ոտանավորներ էլ կան։ Հավատացեք, միայն ոտանավորներն են պակասում ձեր նամակի մեջ, Մակար Ալեքսեևիչ։ Զգացումներն էլ են քնքուշ, ցնորքներն էլ վարդագույն, ամեն բան կա այստեղ։ Վարագույրի մասին իսկի չեմ էլ մտածել, երևի ինքն իրեն է դեմ ընկել, երբ ծաղկամանները դես դեն էի քաշում, ահա թե ինչպես է եղել բանը։

Ա՜խ, Մակար Ալեքսեևիչ։ Ինչ էլ որ ասեք, ինչպես էլ որ հաշվեք ձեր եկամուտները, որպեսզի ինձ խաբեք, որպեսզի ցույց տաք, թե այդ եկամուտները բոլորը միայն ձեր վրա եք ծախսում, ինձնից ոչինչ չեք կարող ծածկել և թաքցնել։ Բարդ է, որ դուք անհրաժեշտ բաներից ձեր զրկում եք ինձ համար։ Ի՞նչ եք մտածել, օրինակ, որ այդպիսի բնակարան եք վարձել։ Չէ՞ որ այդտեղ ձեզ անհանգստացնում են, խանգարում են, նեղվածք է, անհարմար։ Դուք առանձնություն եք սիրում, իսկ այդտեղ ինչ ասեք՝ որ չկա ձեր շուրջը։ Այնինչ դատելով ձեր ռոճիկից, դուք կարող էիք ավելի լավ ապրել։ Ֆեդորան ասում է, որ առաջ դուք անհամեմատ ավելի լավ էիք ապրում, քան թե այժմ։ Մի՞թե դուք ձեր ամբողջ կյանքն անց եք կացրել մենակության մեջ, զրկանքների մեջ, առանց ուրախության, առանց բարեկամական սիրալիր խոսքի, օտար մարդկանց մոտ անկյուններ վարձելով։ Ախ, բարի բարեկամ, որքա՜ն խղճում եմ ձեզ։ Խնայեցեք գեթ ձեր առողջությունը, Մակար Ալեքսեևիչ։ Ասում եք, թե ձեր աչքերը լավ չեն տեսնում, ուրեմն մի՛ գրեք ճրագի տակ. ի՞նչ պիտի գրեք։ Ձեր ջանասիրությունը ծառայության մեջ առանց այն էլ, անշուշտ, հայտնի է ձեր մեծավորներին։

Կրկին աղաչում եմ ձեզ, այդքան փող մի ծախսեք ինձ