Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես էի պատասխանատուն: Եվ դրա պատճառը բոլորովին այն չէր, թե հայրիկս չէր սիրում ինձ. ինձ ու մայրիկիս համար նա հոգին էլ չէր խնայի։ Բայց այդպես էր, բնավորությունն էր այդպես։

Հոգսերը, դարդերը, անհաջողությունները տանջել, չարչարել էին խեղճ հայրիկիս. ծայր աստիճան կասկածամիտ, մաղձոտ էր դարձրել, հաճախ հուսահատության էր հասնում, սկսել էր ուշադրություն չդարձնել իր առողջության վրա, մրսեց և հիվանդացավ, երկար չտանջվեց և վախճանվեց այնպես հանկարծ, այնպես անակնկալ, որ մենք մի քանի օր ուշքի չէինք գալիս հարվածից։ Մայրիկս մի տեսակ քարացած դրության մեջ էր. ես մինչև անգամ վախենում էի, թե միգուցե խելագարվի։ Հենց որ հայրիկս վախճանվեց, պարտատերերը խմբովին վրա թափվեցին, կարծես գետնից բռնվեցին։ Ինչ ունեինք-չունեինք տվինք։ Պետերբուրգսկայա Ստորոնա քաղաքամասում մեր տնակը, որ հայրիկս գնել էր մեր Պետերբուրգ տեղափոխվելուց կես տարի հետո, նույնպես ծախվեց։ Չեմ իմանում՝ մնացածն ինչպես դրստեցին, բայց մենք ինքներս մնացինք անտուն, անտեղ, անոթի։ Մայրիկս հյուծվում էր հիվանդությունից, ինքներս մեզ կերակրել չէինք կարողանում, ապրուստի միջոց չունեինք, կործանվելու էինք։ Այն ժամանակ ես տասնչորս տարեկան էի։ Ահա այդ ժամանակ էր, որ մեզ այցելեց Աննա Ֆյոդորովնան։ Նա միշտ ասում էր, թե ինքն ինչ-որ կալվածատիրուհի է և մեզ ազգական։ Մայրիկս նույնպես ասում էր, թե նա ազգական է մեզ, միայն շատ հեռու ազգական։ Հայրիկիս կենդանության ժամանակ նա երբեք գնալ-գալ չուներ մեզ մոտ։ Եկավ արտասուքն աչքերին, ասաց, թե շատ է կարեկցում մեզ, ցավ հայտնեց մեր կորստի համար, մեր դժբախտ վիճակի համար, ավելացրեց, թե հայրիկս ինքն էր մեղավոր, թե նա իր ունեցածի համեմատ չէր ապրում, ոտը հեռու էր ձգում և թե չափազանց մեծ հույսեր էր դնում իր ուժերի վրա։ Ցանկություն հայտնեց մոտիկ հարաբերություն հաստատել մեզ հետ, առաջարկեց մոռանալ փոխադարձ անհարմարությունները, իսկ երբ մայրիկս ասաց, թե երբեք թշնամություն չի տածել դեպի նա, արտասվեց, մայրիկիս եկեղեցի տարավ և ժամ ու պատարագ անել տվեց հայրիկիս