Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ-որ մի գոհունակություն տարածվում էր ամբողջ էությանս մեջ։ Այնքան ուրախ էի Պակրովսկու ուշադրության համար։ Հպարտանում էի, որ նա մտահոգում էր իմ մասին։ Պակրովսկին այլևս չմտավ, գիտեի էլ, որ չի մտնի, և ինքս ինձ ասում էի, որ հետևյալ գիշերը կմտնի։

Հետևյալ գիշերը, երբ տան մեջ արդեն բուորը պառկել էին, Պակրովսկին բաց արավ իր դուռը և սկսեց խոսել ինձ հետ՝ իր սենյակի շեմքին կանգնած։ Այժմ ոչ մի խոսք չեմ հիշում, թե ինչ էինք ասում իրար, հիշում եմ միայն, որ ես քաշվում էի, շփոթվում, բարկանում ինքս ինձ վրա և անհամբեր սպասում, թե երբ պիտի վերջանա մեր խոսակցությունը, թեև ինքս ի սրտե ցանկանում էի այդ, ամբողջ օրն այդ մասին էի երազում և շարադրում իմ հարցումներն ու պատասխանները... Այդ գիշերից սկսվեց մեր բարեկամական կապը։ Մայրիկիս հիվանդության ամբողջ ժամանակ ամեն գիշեր մի քանի ժամ իրար հետ էինք անցկացնում։ Ես կամաց-կամաց հաղթահարեցի իմ ամաչկոտությունը, թեև մեր ամեն մի խոսակցությունից հետո դեռևս բաներ էին լինում, որոնց համար զայրանում էի ինքս ինձ վրա։ Սակայն ես գողունի ուրախությամբ և հպարտ գոհունակությամբ տեսնում էի, որ նա իմ պատճառով մոռանում էր իր անտանելի գրքերը։ Պատահմամբ, կատակով, մի անգամ խոսք ընկավ գրքերը դարակից թափվելու մասին։ Րոպեն տարօրինակ էր. ես մի տեսակ չափազանց անկեղծ և սրտաբաց էի. ջերմությամբ, տարօրինակ ցնծությամբ տարված, խոստովանեցի նրան ամեն բան... այն, թե ուզում էի սովորել, որևէ բան գիտենալ, թե ջիգրս գալիս էր, որ ինձ փոքրիկ աղջիկ, երեխա էին համարում... Կրկնում եմ, որ ես ամենատարօրինակ հոգեկան տրամադրության մեջ էի. սիրտս փափկել էր, աչքերս լցվել էին արցունքով,— ոչինչ չթաքցրի, պատմեցի ամեն բան, ամեն բան ասացի, թե իր բարեկամն եմ, թե ուզում եմ սիրել իրեն, սրտով ապրել իր հետ մեկտեղ, մխիթարել, հանգստացնել իրեն։ Նայեց ինձ մի տեսակ տարօրինակ կերպով, շփոթված, զարմանքով և ոչ մի խոսք չասաց։ Հանկարծ սարսափելի ցավեցի, տխրեցի։ Ինձ թվաց, թե չի հասկանում ինձ, թե գուցե ծիծաղում է ինձ վրա։ Հանկարծ լաց եղա երեխայի պես, հեծկլտացի, ինքս ինձ