Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խելքս ինչ էր փչել, որ այդքան գրքեր էի առնում։ Բայց ո՜հ սարսա։ Իմ ամբողջ կապիտալը երեսուն ռուբլի ասիգնացիա էր, իսկ գրավաճառը ո՛չ մի կերպ չէր համաձայնում ավելի էժան զիջել։ Վերջապես սկսեցի խնդրել, շարունակ խնդրում էի. վերջապես կակղեց, զիջեց, բայց միայն երկուսուկես և երդվեց, թե այդ զիջումն էլ ինձ համար է անում, որովհետև ես այսպիսի լավ օրիորդ եմ, իսկ ուրիշի համար ոչ մի պայմանով չէր զիջի։ Երկուսուկես ռուբլի պակասում էր։ Բարկությունից պատրաստ էի լաց լինելու։ Բայց բոլորովին անսպասելի հանգամանք օգնության հասավ իմ դարդին։

Ինձանից ոչ հեռու, մի ուրիշ գրավաճառի սեղանի մոտ, տեսա ծերունի Պակրովսկուն։ Նրա չորս կողմը հավաքվել էին չորս թե հինգ գրավաճառ, որոնք բոլորովին շփոթեցրել էին նրան։ Ամեն մեկն առաջարկում էր իր ապրանքը և ինչ ու ինչ չէին առաջարկում նրան, և նա էլ ինչ ու ինչ չէր ուզում գնել։ Խեղճ ծերունին կանգնել էր նրանց մեջտեղը բոլորովին շշկլված ու չէր իմանում որ գիրքը վերցնի նրանց առաջարկածներից։ Մոտեցա նրան և հարցրի— ի՞նչ է անում այդտեղ։ Ինձ որ տեսավ, շատ ուրախացավ, ծերունին չափազանց սիրում էր ինձ, գուցե ոչ պակաս Պետինկից։ «Ա՜յ, գրքեր եմ առնում, Վարվառա Ալեքսեևնա,— պատասխանեց նա,— Պետինկի համար եմ ուզում։ Նրա ծննդյան օրը շուտով կլինի, իսկ նա գրքեր սիրում է, ես էլ հրես առնում եմ նրա համար...»։ Ծերունին հո միշտ էլ ծիծաղելի կերպով էր արտահայտվում, իսկ այժմ միանգամայն շշկլվել էր։ Ինչ գրքի գինն էլ հարցնում էր, բոլորը մի ռուբլի արծաթ, երկու ռուբլի, երեք ռուբլի արծաթ, էլ մեծ գրքերի գինը չէր էլ հարցնում, այլ միայն այնպես նայում էր նախանձով. մատներով թերթում, շուռ ու մուռ էր տալիս ձեռքին ու նորից տեղը գնում։ «Չէ՛, չէ՛, թանկ է,— ասում էր կիսաձայն,— ա՛յ, գուցե այստեղից որևէ բան»,— ու սկսում էր մեկ-մեկ նայել բարակ տետրակները, երգարանները, ալմանախները, այդ բոլորը շատ էժան էին։— Բայց ինչո՞ւ եք այդ առնում,— հարցրի ես.— դրանք բոլորն էլ անպետք գրքեր են։ «Չէ՛, չէ՛,— պատասխանում էր նա,— մեկ նայեցեք թե ինչպիսի լավ գրքեր կան այստեղ, շատ, շատ լավ