Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն բանի սովորում եմ, որովհետև ես խոնարհ մարդ եմ, որովհետև ես փոքր մարդ եմ. բայց և այնպես ինչի՞ս համար այս բոլորը։ Ո՞ւմն եմ ես վատ բան արեր։ Ո՞ւմ չինն եմ խլել։ Ո՞ւմ եմ սևացրել բարձր իշխանավորների առջև: Պարգև՞ եմ խնդրել։ Ստրկացրե՞լ եմ ումևիցե։ Մեղք կգործեք, ջանիկս, եթե այսպիսի բան մտքներովդ անգամ անցկացնեք։ Դե՛, ես ինչ եմ, որ այդպիսի բաներ անեմ։ Մեկ նայեցեք ինձ, բալիկս, ունե՞մ ես արդյոք բավականաչափ ընդունակություններ ուրիշի տակ հոր փորելու և փառասիրություն անելու։ Ուրեմն էլ ո՞ր մեղքիս համար են այս դժբախտությունները թափվում իմ գլխին, տեր իմ աստված։ Չէ՞ որ դուք ինձ արժանավոր մարդ եք համարում, իսկ դուք անհամեմատ լավն եք նրանց բոլորից, ջանիկս։ Ո՞րն է քաղաքացիական ամենամեծ առաքինությունը։ Անցյալ օրը մասնավոր խոսակցության ժամանակ Եվստաֆիյ Իվանովիչն ասաց, թե քաղաքացիական ամենակարևոր առաքինությունը փող դիզել կարենալն է։ Նա կատակով էր ասում, (գիտեմ, որ կատակով էր ասում), իսկ բարոյախոսականն այն է, թե ոչ ոք ծանր բեռ չպիտի դառնա ուրիշի վզին.— իսկ ես ոչ ոքի վզին ծանր բեռ չեմ։ Ես ունեմ իմ հացի պատառը, ճիշտ է՝ հացի հասարակ պատառ, երբեմն նույնիսկ չոր հացի, բայց ունեմ, աշխատանքովս եմ ձեռք բերել, օրինավոր անբիծ կերպով։ Դե՛, ի՞նչ անենք։ Ես ինքս էլ գիտեմ, որ քիչ բան եմ անում՝ որ արտագրում եմ, բայց և այնպես պարծենում եմ սրանով, որովհետև աշխատում եմ, քրտինք եմ թափում։ Եվ իսկապես սրանում ի՞նչ վատ բան կա, որ արտագրում եմ։ Ի՜նչ, արտագրելը մե՞ղք է, ինչ է։ «Տեսե՛ք, տեսե՜ք արտագրում է» — «Տեսե՛ք, տեսե՛ք չինովնիկ մուկն արտագրում է»։ Լավ, այստեղ ի՞նչ կա անազնիվ։ Գիրս այնքան պարզ է, լավ է, մարդու քեֆը գալիս է, որ նայում է, և նորին գերազանցությունն էլ գոհ է. ես նրա համար ամենակարևոր թղթերն եմ արտագրում։ Ասենք՝ թե ոճ չունեմ, ես հո ինքս էլ գիտեմ, որ չունեմ այդ անիծյալը, ոճը, ահա հենց դրա համար էլ ծառայությամբ առաջ չգնացի և մինչև անգամ ահա այժմ էլ, բալիկս, գրում եմ ձեզ հասարակ կերպով, առանց ճոռոմաբանությունների և այնպես, ինչպես խե՜լքս կտրում է... Ես այդ բոլորը գիտեմ