Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան, հինգ հարյուր, տալիս ես տուր, թեկուզ ճաքիր՝ տուր, չես տալիս, մենք ուրիշ անգամ հազար էլ կառնենք։ Լավ է, չէ՞, Վարվառա Ալեքսեևնա։ Է՜հ, մենա՞կ եմ։ Նա ոտանավորների մի պստիկ տետրակ ունի, ոտանավորներն էլ պստիկ բաներ են,— յոթը հազար, ջանիկս, յոթը հազար է ուզում, մեկ լավ մտածեցեք։ Այդ հո մի ամբողջ անշարժ կայք է, հիմնական տուն։ Ասում է, թե հինգ հազար տալիս են, չի վերցնում։ Ես համոզում, ասում եմ. վերցրեք հինգ հազարը և թքեցեք նրանց վրա՛, հինգ հազարը հո փող է, չէ, ասում է, յոթը կտան սրիկաները։ Այնպիսի ճարպիկն է, հավատացեք։

Բանը որ այստեղ հասավ, ջանիկս, ուրեմն թող այդպես լինի, ես կարտագրեմ Իտալական կրքերից մի տեղ։ Այս նրա հեղինակությունն է, այսպես է անվանվում։ Ահա կարդացեք, Վարինկա, և ինքներդ դատեցեք։

«... Վլադիմիրը ցնցվեց, և կրքերը կատաղորեն խլթխլթացին նրա մեջ, և արյունը եռաց...

— Կոմսուհի,— աղաղակեց նա,— կոմսուհի։ Գիտե՞ք դուք արդյոք՝ որքան սարսափելի է այս կիրքը, որքան անսահման է այս խելագարությունը։ Ոչ, իմ ցնորքներն ինձ չէին խաբում։ Ես սիրում եմ, սիրում եմ ցնծագին, կատաղի, խելագար։ Քո ամուսնու ամբողջ արյունը չի կարող ողողել իմ հոգու կատաղի, խլթխլթացող հրճվանքը։ Չնչին արգելքները չէր դադարեցնի ամեն ինչ պայթեցնող դժոխային այն հուրը, որ ակոսում է իմ հոգնած, տանջված կուրծքը։ Օ՜, Զինայիդա, Զինայիդա։

— Վլադի՛միր...— շշնջաց կոմսուհին ինքն իրեն կորցրած, գլուխը խոնարհելով նրա ուս ին...

— Զինայիդա,— աղաղակեց ցնծագին Սմելսկին։

— Նրա կրծքից շոգիացավ օդը։ Հրդեհը բորբոքվեց կարմիր բոցերով սիրո սեղանի վրա և ակոսեց դժբախտ տանջվածների կուրծքը։

— Վլադիմիր...— շշնջում էր հիացքի մեջ կոմսուհին։ Նրա կուրծքն փոթորկում էր, այտերը կաս կարմիր կտրել, աչքերը վառվում էին...

Նոր, սոսկալի պսակը կատարված էր,