Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ։ Նա ինձ ասաց, թե բոլորը հին բան է, և թե հիմա գրքերը բոլորը պատկերներով են և զանազան նկարագրություններով, լավ չհասկացա, թե ինչ էր ասում։ Իսկ վերջում ասաց, թե Պուշկինը լավ գրող է, թե նա սուրբ Ռուսաստանը փառավորեց, ու դարձյալ շատ բաներ ասաց նրա մասին։ Այո՛, շատ լավ է, Վարինկա, շատ լավ. մի անգամ էլ կարդացեք գրքույկն ուշադրությամբ, իմ խորհուրդներին հետևեցեք և ինձ ականջ դնելով բախտավորեցրեք ինձ, ծերունուս։ Այն ժամանակ ինքը տերը կպարգևատրի ձեզ, բալիկս, անպատճառ կպարգևատրի։

Ձեր անկեղծ բարեկամ
Մակար Դեվուշկին


Հուլիս 5
Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Ֆեդորան այսօր ինձ համար բերեց տասնհինգ ռուբլի արծաթ փող։ Ինչքան ուրախացավ խեղճը, որ իրեն երեք ռուբլի տվի։ Գրում եմ ձեզ շտապով։ Այժմ ժիլետ եմ ձևում ձեզ համար,— հրաշալի կտոր է,— դեղնավուն, ծաղկանկար։ Ուղարկում եմ ձեզ մի գրքույկ. այստեղ բոլորը զանազան պատմվածքներ են. ես կարդացի մի քանիսը, կարդացեք դրանցից մեկը «Шинель» վերնագրով։— Դուք խորհուրդ եք տալիս ինձ միասին թատրոն գնալ, թանկ չի՞ լինի արդյոք։ Գուցե թե գալերեյ գնանք։ Արդեն շատ վաղուց է, որ ես թատրոնում չեմ եղել, չեմ էլ հիշում ե՜րբ։ Միայն էլի վախենում եմ, թանկ չի՞ նստի։ Ֆեդորան միայն երերում է գլուխը։ Նա ասում է, որ դուք սկսել եք բոլորովին այնպես չապրել, ինչպես թույլ է տալիս ձեր կարողությունը, ես ինքս էլ եմ տեսնում այդ, մենակ ինձ վրա ո՜րքան եք ծախսել։ Տեսեք, բարեկամս, վատ բան դուրս չգա։ Ֆեդորան առանց այն էլ ինչ-որ լուրեր հասցրեց ականջիս, թե դուք կարծեմ վեճ եք ունեցել ձեր տանտիրուհու հետ նրան հասանելիք վճարը չտալու համար. ես շատ եմ վախենում ձեզ համար։ Դե՛հ, մնաք բարով, շտապում եմ։ Մի փոքրիկ գործ կա, գլխարկիս ժապավենները փոխում եմ։

Վ. Դ.