Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


միայն մի ռուբլի էր մնացել, իսկ մինչև ռոճիկս կստանայի, դեռ տասն օր կար։ Հիմա ի՞նչ եք կարծում, ջանիկս, ի՞նչ անեի, որ լավ լիներ։ Հետևյալ օրը՝ նախքան ծառայության կգնայի, մտա պարֆյումյոր-ֆրանսիացու մոտ և ամբողջ կապիտալովս օծանելիք և հոտավետ սապոն առա,— ինքս էլ չգիտեմ, թե ինչո՞ւ այն ժամանակ առա այդ բոլորը։ Տանը չճաշեցի էլ, այլ շարունակ ման էի գալիս նրա պատուհանների տակ։ Նա ապրում էր Նևսկու վրա — չորրորդ հարկում։ Տուն եկա, մի ժամի չափ հանգստացա ու նորից Նևսկի գնացի, որպեսզի անցնեմ նրա պատուհանների տակով։ Մեկուկես ամիս ման էի գալիս այդպես, թրև էի գալիս նրա հետևից, րոպե առ րոպե կառք էի վարձում և շարունակ անցուդարձ անում նրա պատուհանների առաջով. քանդվեցի, քարը քսվեցի բոլորովին, պարտքերի տակ թաղվեցի ու հետո արդեն սրտիցս հանեցի նրան.— ձանձրացրեց։ Ահա թե դերասանուհին ինչ կարող է անել օրինավոր մարդուն, ջանիկս։ Ասենք ջահել էի ես այն ժամանակ, ջահել․․․

Մ. Դ.
Հուլիս 8

Իմ ողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։

Ձեր գրքույկը, որ ես ստացա սույն ամսի 9-ին, շտապում եմ վերադարձնել ձեզ և, ընդսմին, շտապում եմ իմ սույն նամակիս մեջ բացատրվել ձեզ հետ։ Վատ բան է, ջանիկս, վատ բան է այն, որ դուք ինձ այսպիսի ծայրահեղության մեջ եք դրել։ Թույլ տվեք, ջանիկս, ասեմ ձեզ, ամեն մի գրություն որոշված է ամենաբարձրյալի կողմից մարդկությանը վիճակելու համար։ Ոմանց վիճակված է լինել գեներալական ուսադիրների մեջ, ոմանց՝ ծառայել իրին, տիտուլյարնի սովետնիկ. ոմանց՝ հրամայել, իսկ ոմանց էլ՝ անտրտունջ ու վախը սրտում հնազանդվել։ Այս արդեն ըստ մարդու ընդունակության է հաշվի առնված. մեկը մի բանի է ընդունակ, իսկ մյուսը՝ մի ուրիշ բանի, իսկ ընդունակությունները տրված են իրեն՝ աստծո, կողմից։ — Արդեն մոտ երեսուն տարի է, որ ես ծառայության մեջ եմ.