Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հուլիս 28

Է՜հ, Վարինկա, Վարինկա։ Այ, հիմա որ դուք եք մեղանչում և այդ ձեր խղճի վրա կծանրանա։ Ձեր նամակով ինձ բոլորովին շփոթեցրիք, շշմացրիք, և միայն այժմ, երբ գործից ազատ եմ և սրտիս խորքը թափանցեցի, տեսա, որ ես արդարացի էի, բոլորովին արդարացի։ Խոսքս իմ դեբոշի մասին չէ (հերն եմ անիծել), այլ այն մասին, որ ես սիրում եմ ձեզ և բոլորովին անխոհեմություն էր։ Դուք, ջանիկս, ոչինչ չգիտեք՝ իսկ որ իմանաք, թե ինչի՞ց է այս բոլորը, ինչո՞ւ ես պիտի սիրեմ ձեզ, այն ժամանակ ուրիշ բան կասեիք։ Դուք այդ միայն այդպես եք ասում, իսկ ես հավատացած եմ, որ ձեր սրտում բոլորովին այդ չէ։

Ջանիկս, ես ինքս էլ չգիտեմ և լավ չեմ հիշում, թե ոնց էր բանը օֆիցերների հետ։ Պետք է ձեզ նկատեմ, որ դրանից առաջ ես սարսափելի հուզված էի։ Երևակայեցեք, որ արդեն մի ամբողջ ամիս, այսպես ասած, մի թելի վրա էի ինձ պահում։ Դրությունս ծայր աստիճան աղետալի էր։ Ձեզնից ծածկում էի, տանը նույնպես, բայց տանտիրուհիս կռիվ ու ղալմաղալ էր անում։ Այդ էլ վնաս չունի, թող բղբղար անպիտան կնիկը, բայց մենակ այն, որ խայտառակություն է և երկրորդն այն, որ նա, աստված գիտե, որտեղից իմացել էր մեր կապի մասին, և այնպես էր բղավում այդ մասին ամբողջ տան մեջ, որ ես տեղն ու տեղս քարացա և ծածկեցի ականջներս։ Բայց բանն էլ այն է, որ ուրիշներն իրենց ականջները չէին ծածկում, այլ ընդհակառակը, լայն-լայն բաց էին արել։ Այժմ էլ, ջանիկս, ես չեմ իմանում ուր կորչեմ...

Եվ ահա, հրեշտակիկդ իմ, այս բոլորը, այս բոլոր դժբախտությունները վերջնականապես ջախջախեցին ինձ։ Հանկարծ տարօրինակ բաներ եմ լսում Ֆեդորայից, թե ձեր տունն է եկել ձեր ձեռքը խնդրող մի անարժան մարդ և վիրավորել է ձեզ անարժան առաջարկությամբ, թե նա վիրավորել է ձեզ, խորապես վիրավորել, ես այդ ինձնով եմ դատում, ջանիկս, որովհետև ես ինքս էլ խորապես վիրավորվեցի։ Ահա այստեղից էր, հրեշտակիկդ իմ, որ ես գժվեցի, այստեղից էր, որ ես ինքս ինձ կորցրի և կորա բոլորովին։